ՌԴ-ն և ԱՄԷ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի հայց են ներկայացրել՝ կապված Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները հոկտեմբերի 18-ի առավոտյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ բաց նիստի անցկացման հայց են ներկայացրել՝ կապված Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, փոխանցում է Звезда հեռուստաալիքը։
Ավելի վաղ Al Jazeera-ն հայտնել էր Գազայի հատվածում գտնվող արաբական բապտիստական հիվանդանոցի վրա իսրայելական ավիահարվածի մասին, որի հետևանքով զոհվել է առնվազն 500 մարդ:
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք հետաքննություն են անցկացնում, սակայն նախնական տվյալներով, Գազայի հիվանդանոցը խոցել է ՀԱՄԱՍ-ի հրթիռը: Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հիվանդանոցում պայթյունը ենթադրաբար տեղի է ունեցել «Իսլամական ջիհադ»-ի հրթիռի ձախողման հետևանքով: