Ավելի քան 908 մլն դրամի հափշտակությանն օժանդակած 4 բուժաշխատողների մասով նախաքննությունն ավարտվել է
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից խմբի կազմում կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելուն հանցակցելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
«Կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալը, բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավարները և բժշկական կենտրոնի այլ աշխատակիցներ օժանդակել են հիշյալ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա. Մ.ի կողմից խարդախությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 908.047.850 ՀՀ դրամի հափշտակությանը:
Մասնավորապես, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ն, ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2014-2017 թթ. կնքված պայմանագրերի շրջանակներում, «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարները հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2014թ. սկզբներին, օգտագործելով իր կարգավիճակն ու հեղինակությունը, համաձայնություն է ձեռք բերել բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հետ: Ղեկավարելով հանցակիցների գործողությունները՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն նույն կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ. Գ.-ին, պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ն. Կ.-ին, իսկ 2016թ. մարտից` նույն ծաոայության ղեկավար Ա. Մ.-ին, նույն ծառայության աշխատակից Ա.Ղ.-ին և ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Կ. Մ-.ին, ինչպես նաև վերջիններիս միջոցով՝ մի շարք բաժանմունքների բուժանձնակազմերին հանձնարարել է բացել կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով բժշկական կենտրոնի պոլիկլինիկա դիմած՝ ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ կեղծ հիվանդության պատմագրեր, թե իբր հիշյալ շահառուները բժշկական կենտրոնում, ստացիոնար բուժօգնության շրջանակներում, հիվանդանոցային պայմաններում ստացել են ստացիոնար բուժօգնություն, ենթարկվել գործիքային և լաբորատոր հետազոտությունների:
Աշխատակիցները, կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով պոլիկլինիկա դիմած՝ ծրագրի շահառու հանդիսացող անձանց անուններով, 2014թ. մայիսից մինչև 2017թ. սեպտեմբերը, լրացրել են ստացիոնար հետազոտման վերաբերյալ ընդհանուր 4689 կեղծ ուղեգրեր: Վերջիններս բժշկական կենտրոնի ստացիոնարում բացել են նույն քանակի անձանց անուններով հիվանդության կեղծ պատմագրեր, լրացրել «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկներ և դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառել շահառուների՝ ստացիոնար բուժում անցնելու, բուժման պլանի, լաբորատոր-գործիքային հետազոտությունների, առկա ախտորոշումների վերաբերյալ: Այնուհետև, հիվանդության պատմագրերի և «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկների հիման վրա, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ի կազմակերպմամբ, Ն. Կ.-ն և Ա. Մ.-ն կազմել, պատրաստել և ՀՀ առողջապահության նախարարությանն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող ակնհայտ կեղծ ամսական կատարողական հաշվետվություններ։ Դրանց հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունը վերոնշյալ ծրագրով ՀՀ պետական բյուջեից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության հաշվեկշռին է փոխանցել 908.047.850 ՀՀ դրամ, որն էլ հափշտակվել է ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ի կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ. Գ.-ին, պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա. Մ.-ին, նույն ծառայության աշխատակից Ա.Ղ.-ին և ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Կ. Մ-.ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 457-րդ հոդվածի 2-րդ մասին:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: