ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ը ԵԽ ՄԻ հանձնակատարի հետ այցելել է Արցախից բռնահանվածների կացարաններ, առանձնազրույցներ ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի եւ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի համատեղ այցերը Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ։

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Անահիտ Մանասյանն ու Դունյա Միյատովիչը հանդիպել են Կոտայքի մարզում ժամանակավոր բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ծաղկաձոր խոշորացված համայնքի հանգստյան տներից մեկում այս պահին բնակվում է բռնի տեղահանված 105 անձ, այդ թվում՝ 40 երեխա:

 

Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ. Պաշտպանին եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անձինք ներկայացրել են իրենց կրած զրկանքները եւ բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները։ Անդրադարձ է կատարվել կենսաթոշակների, պետական նպաստների վճարման հետ կապված հարցերին:

Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։

Բացի այդ, Պաշտպանն այցելել է նաեւ բռնի տեղահանված անձանց` Ծաղկաձորի ԵՊՀ «Համալսարան» հյուրանոցում տեղակայված ժամանակավոր կացարան, որտեղ այս պահին գտնվում է բռնի տեղահանված 167 անձ, այդ թվում՝ 44 երեխա:

Պաշտպանը տեղում ուսումնասիրել է բռնի տեղահանված հայրենակիցների պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության եւ սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։

Պաշտպանը բռնի տեղահանված անձանց հետ ունեցել է խորհրդապահական առանձնազրույցներ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։

Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular