ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քյարամյանը ԵԽ ՄԻ հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հանգամանքները

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարեւորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի իրականացված էթնիկ զտման հետեւանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր անձանց հումանիտար հիմնահարցերի, առաջնային իրավունքների հնարավորինս ապահովմանը, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ լիարժեք եւ փաստարկված պատկերացումների ձեւավորմանը։

Տիկին Միյատովիչը հայտնել է, որ իրենց առաքելության նպատակը տեղահանված անձանց խնդիրներին համակողմանի ծանոթանալն է եւ նրանց իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բնակչությանն էթնիկ զտումների, բռնի տեղահանության ենթարկվելու քրեաիրավական խնդիրները, արցախցիների կենսական իրավունքների պաշտպանության հիմնահարցերը։

Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեում ներկայումս իրականացվող լայնածավալ քննության շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու պլանավորվածության, դրա իրականացման շրջանակներում իրենց բնօրրան-հայրենիքում էթնիկ հայության հետագա կենսապահովումն անհնարին դարձնելուն, սեպտեմբերի 19-ին ԼՂ բնակչության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական հարձակում եւ բռնի տեղահանություն իրականացնելուն, այդ ամենի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների, անձանց գերեվարումների, էթնիկ հայերի նկատմամբ բռնությունների, դիերի անարգման վերաբերյալ։

Արգիշտի Քյարամյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԼՂ ողջ բնակչությունը՝ ավելի քան հարյուր հազար մարդ, կյանքը փրկելու նպատակով տեղահանվել եւ Հայաստան են տեղափոխվել գործնականում երեք օրվա ընթացքում՝ թողնելով իրենց ողջ ունեցվածքն ու սեփականությունը, ինչը եւս էթնիկ զտման ակնառու դրսեւորում է։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ բռնի տեղահանության ընթացքում Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետեւանքներին, դրա արդյունքում անհետ կորած անձանց որոնման աշխատանքների շարունակման, քննչական գործողություններ իրականացնելու անհնարինության հանգամանքին։ Անդրադարձ է կատարվել 2020թ. 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած ժամանակահատվածում անհետ կորած, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անձանց խնդիրներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular