ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հա՛մ իրենք ոչինչ չեն անում, հա՛մ էլ մյուսներին խանգարում են․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրի սահմանների, տարածքային ամբողջականության, բնակչության ֆիզիկական անվտանգության պաշտպանությունը պետության անվիճարկելի առաջնահերթությունն ու պարտականությունն է: Այդպես պետք է լինի: Մեր մեջ ասած՝ պետության կազմավորումն առաջնահերթ հենց այդ խնդիրները լուծելու համար է: Պետության քաղաքացիները (առանձին դեպքերում՝ հպատակները) առաջին հերթին հենց դրա համար են հարկեր և տուրքեր վճարում, որպեսզի գոյացած միջոցներով օրվա իշխանությունը կարողանա լուծել վերոնշյալ խնդիրները: Հիմա, ու սա արդեն ամենևին գաղտնիք չէ, այլ փաստացի իրականություն, ստացվել է այնպես, որ տարբեր անձանց նախաձեռնություններով ու հասարակական կարգով ձևավորվել են մասնավոր խմբեր, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում լծվել են ինքնապաշտպանական խնդիրների լուծմանը, որոշակի թվով մարդկանց ինքնապաշտպանության և ինքնապահպանման տարրական կանոնները սովորեցնելուն, սահմանների կահավորմանը: Նման նախաձեռնություններից է, օրինակ՝ «Ողջ մնալու արվեստը» կենտրոնը, չնայած միայն իրենք չեն այդ «գծի վրա»:

Դա, մեծ հաշվով, պետական կառույցների անգործության կամ անուշադրության պայմաններում գոյացած վակուումը ինչ-որ կերպ «լցնելուն» նպատակաուղղված բնական դրսևորում է: Այլ կերպ դա կոչվում է հանրության ակտիվ շերտի ինքնակազմակերպում, ինչը, ի դեպ, բնորոշ է ոչ միայն մեր հասարակությանը: Պետք է նկատել, որ նման նախաձեռնությունները ցանկացած պարագայում ողջունելի են: Դե, գոնե տրամաբանությունը հուշում է, որ պետք է ողջունելի համարվի: Բայց ինչն է հետաքրքիր. հատկապես մերձիշխանական կամ այդպիսին ընկալվող շրջանակներից որոշակի հակաքարոզչություն է իրականացվում այսօրինակ նախաձեռնությունների դեմ: Չնայած, այս դեպքում «հակաքարոզչությունը» մի փոքր մեղմ ձևակերպում է, քանի որ այն, ինչ դրսևորվում է, ավելի շուտ ու ավելի շատ ուղղորդված արշավ է հիշեցնում: Հետաքրքիր է, այդ ի՞նչ են անում նման նախաձեռնությունները, որ հայտնվել են նման հակաքարոզչության թիրախում:

Որքան հայտնի է, նման նախաձեռնությունների նպատակներից առաջինը այն է, որ բնակչության գոնե մի մասը ինքնապաշտպանության տարրական պատկերացումների ու կանոնների տիրապետի: Դա, հասկանալի է, հնարավոր է նախաձեռնություններով հետաքրքրված մարդկանց խմբերի պարապմունքներով, դասընթացներով: Վա՞տ է... Բացի այդ, մասնավոր նախաձեռնությունները նպատակ են հետապնդում, այսպես ասած, «պաշտպանության երկրորդ գիծն» ապահովել, ամրապնդել: Հայտնի է, որ օրինակ՝ «Գմբեթ» անվանումը կրող ծրագրերով նպատակ կա կառուցել-կահավորել (նախապատրաստել) առնվազն 500 կրակային հենակետ՝ առավել բարդ և վտանգավոր ուղղություններով, իսկ հնարավորության դեպքում՝ դրանց թիվը հասցնել 4700-ի՝ սահմանի ողջ երկայնքով, բնակավայրերի շուրջ, ճանապարհների հանգուցային կետերում: Վա՞տ է...

Մարդիկ, մեծ հաշվով, ցանկանում են անել և անում են բաներ, որոնք, ևս մեկ անգամ ընդգծենք, առաջնահերթ հենց պետական մարմինները պետք է անեին: Եթե կուզեք իմանալ, պետությունն արդեն պետք է ինքնապաշտպանական բազմաթիվ ջոկատներ կազմավորած լիներ բոլոր սահմանամերձ բնակավայրերում: Այնպես, որ յուրաքանչյուր բնակիչ առաջին իսկ կրակոցների դեպքում իմանար, թե ինքն ուր է գնում, ինչ պետք է անի: Ըստ որում, պետությունը նման աշխատանքներ պետք է դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսեր իրականացնել: Առնվազն 3 տարի ի՞նչ է արվել կամ՝ դրա նման ինչ-որ բան արվե՞լ է: Նկատի ունենք համապետական ընդգրկմամբ: Ոչինչ: Երևի միայն բարձրահարկ շենքերի նկուղներն են քիչ թե շատ մաքրվել, ու... վերջ: Համարել են, որ դրանով «ապաստարանների» հարցերը լուծվեցին: Հա, մեկ էլ «օդային տագնապի» մասին ինչ-որ թռուցիկներ են փակցրել շենքային հայտարարությունների վահանակներին ու՝ վերջ: Լավ, ինչ արել կամ չեն արել: Դրա մասին չէ խոսքը:

Հիմա առանձին մարդիկ, անհատներ, մարդկանց խմբեր նախաձեռնություն են ցուցաբերել և ինչ-որ բան են անում: Որևէ իշխանություն պետք է գոնե գոհ ու շնորհակալ լինի, որ հայտնվել են մարդիկ, որոնք իր գործի, իր բեռի մի որոշակի մասը վերցրել են իրենց ուսերին: Թվում է՝ պետք է ակտիվորեն համագործակցեն, ջանքերը համատեղեն, եթե պետք է՝ միասնական համակարգում իրականացնեն: Բայց չէ, երևի մեր իրականության մեջ նորից գործում է «ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում» մոտեցումը: Լավ, չեք ուզո՞ւմ օգնել, համագործակցել, նպաստել, մի՛ օգնեք: Բայց եթե չեք օգնում, գոնե մի՛ խանգարեք: Վերջին հաշվով, պարոնայք իշխանավորներ, այդ ձե՛ր գործունեությունը, իսկ որ ավելի ստույգ է՝ անգործությունն է առաջին հերթին բերել նման նախաձեռնությունների գոյության անհրաժեշտությանը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular