ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունն արցախցիներին սոցիալական մամլիչով ճզմելու քաղաքականություն է վարում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. 

Արցախից Հայաստան բռնի տեղահանվածները հայտնվել են սոցիալական անդունդում։ Սեպտեմբերի 19-ից հետո Հայաստան եկածները մոտ 100 հազար են, եւ մոտ 20 հազար՝ նրանք, ովքեր Հայաստանի ճամփան են բռնել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, ապա նաեւ 21 թվականին՝ հայաբնակ գյուղերի հայաթափման արդյունքում։ 

Հատկապես այս վերջին խումբը լիարժեք աղքատության մեջ է։ Նրանք հիմնականում ապրում են վարձով տներում։ Քչերին է հաջողվել արժանի կենսակերպ ապահովող աշխատանք գտնել։ Արցախի պետական մարմինները լուծարելու մասին հրամանագրի ստորագրումից հետո ԱՀ ֆինանսների նախարարությունը դադարել է գործել։ Նախարարության աշխատասենյակները դատարկ են։ 

Պատերազմից հետո Արցախից տեղափոխվածները ո՛չ թոշակ, ո՛չ նպաստ, ո՛չ էլ բնակվարձ են ստանում, քանի որ բոլոր այս վճարումներն իրականացնում էր Արցախի կառավարությունը։ Իսկ սեպտեմբերի 19-ից հետո տեղահանվածները մնացել են նաեւ առանց աշխատավարձի, Փաշինյանի կառավարության նվիրած գրոշների հույսին։ 

«Ես միայնակ մայր եմ, 20 թվականին տեղահանվել եմ Հադրութից։ 3 անգամ սնունդով օգնել են, ու ոչ մի տեղից ոչինչ չեմ ստանում։ 40 հազարն էլ չենք ստանում՝ արդեն երկար ժամանակ է։ Խնդրում եմ՝ օգնեք, ոչ մի ձեւ չունեմ յոլա գնալու», - գանգատվում է Սիրանուշ Ունուսյանը, եւ այսպիսի հարյուրավոր բողոքներ ենք ստանում այս օրերին։ 

Բովանդակությունը նույնն է, անուն-ազգանունները՝ տարբեր․ չեմ ստացել թոշակ, նպաստ, աշխատավարձ, բնակվարձն են կտրել, չենք կարող ապրել եւ այլն։ Արցախցիները հայտնվել են հայաստանյան կյանքի հատակում։

Արցախի կառավարության արձակած հրամանագրով՝ կառավարությունը եւ պետական մարմինները գործում են մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը։ Սա նշանակում է, որ մարդիկ պետք է եւս 4 ամիս աշխատավարձ ստանան։ Բացի դա, լուծարման պարագայում նրանք եւս երկու ամիս աշխատավարձ են ստանալու, այսինքն՝ մինչեւ 2024 թվականի մարտ ամիսը։ Հայաստանի Հանրապետությունն ամսական 15 մլրդ դրամ գումար էր ուղարկում Արցախ՝ որպես միջպետական վարկ, եւ այս գումարը պետք է ուղարկեն մինչեւ փետրվար ամիսը։

Հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը պարծենում էր, որ հետհեղափոխական Հայաստանում ԱՀ բյուջեին հատկացումներն ավելացել են։ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117,9 մլրդ դրամ, որն ամենաբարձր բյուջեն է եղել։ 2021 թվականին Արցախի բյուջեն՝ եկամտային մասը, եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը Հայաստանի Հանրապետության վճարած գումարն է։ Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել։ «Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, եւ Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել»,- հայտարարում էր Փաշինյանը։ Առնվազն մինչեւ մարտ ոչինչ չպետք է փոխվի։ Հատկացումները նախատեսված են եղել յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով։ Մարտ ամսից սկսած՝ այդ գումարն այլեւս չի ծախսվելու. ինչ է լինելու այդ միջոցների հետ, հայտնի չէ: Ո՞րն է կառավարության հույսը՝ հավանաբար այն, որ այս մարդիկ մինչեւ մարտ այլեւս Հայաստանի Հանրապետությունում չեն լինի։

Փաստորեն, Հայաստանը սառեցրել է վճարումներն արդեն հիմա` չսպասելով մինչեւ փետրվար։ Փաշինյանի կառավարությունը ձգձգում է հարցը եւ մի չորս տողանոց որոշում չի ուզում ընդունել՝ արցախցիների թոշակն ու նպաստը, աշխատավարձն ու բնակվարձը վճարելու վերաբերյալ։ Տրամաբանական է կարծել, որ սա արցախցիներին սոցիալական մամլիչով ճզմելու քաղաքականություն է, նրանց հնազանդեցնելու, նաեւ արտագաղթի դրդելու մանյովր։ Նիկոլը բյուջեն սարքել է անձնական գրպանը՝ ում ուզի, կտա, ում չի ուզի, չի տա, իսկ արցախցիներին տրվող այս գրոշները վերածվել են շանտաժի, նրանց հլու-հնազանդ դարձնելու միջոցի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular