ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհեռանկար ձևաչափի հերթապահ հանդիպումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է՝ օրերս Թեհրանում տեղի ուենցավ տևական ժամանակ շահարկված «3+3», իսկ իրականում՝ «3+2» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափով երկրորդ հանդիպումը, որը կայացավ ԱԳ նախարարների մակարդակով։ Այս առիթով Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը կարող է հիմք ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ խաղաղության համար: Նրա կարծիքով այն կարող է հիմք ստեղծել այս տարածաշրջանում մարտահրավերներին վերջ դնելու համար: Հավելենք, որ հանդիպումից հետո հաղորդագրություն էր տարածվել, որտեղ նշվել էր 9 կետ՝ դրանցում արձանագրելով հարաբերությունների զարգացման, վեճերի լուծման կարևորությունը, քննարկելով Գազայում իրավիճակը՝ ընդգծելով անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:

Ընդհանուր առմամբ՝ Իրանն առաջարկում է մշակել տրանսպորտային ճանապարհային քարտեզ՝ հիմնված տարածաշրջանի բոլոր երկրների շահերի վրա, Ռուսաստանն իր հերթին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը գործնականում լուծված համարելով։ Հատկանշական է այն, որ Բայրամովը կարծիք է հայտնել, թե «նոր հեռանկար է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար»։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ասել է, որ տարածաշրջանային կայունության ուղին անցնում է Բաքվի և Երևանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքմամբ։

Ըստ էության, այս ձևաչափը չի ստեղծվել միայն խորհրդատվական գործառույթներ իրականացնելու համար, այն ձևավորվել է որպես տարածաշրջանային քաղաքական գործիք, որի ամենամոտ և գլխավոր նպատակն այս փուլում Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Մոսկվայի դերը վերականգնելն է և Արևմուտքի դուրս մղումը։

Տարածված հաղորդագրությունից, հակամարտությունների և, ընդհանրապես, խաղաղության մասին շեշտադրումը պատահական չեն, որովհետև չմոռանանք, որ հարավկովկասյան տարածաշրջանում առկա են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, իրանա-ադրբեջանական, ռուս-վրացական հակամարտություններ՝ տարբեր խորություններով։ Կարող ենք փաստել, որ նախօրեի այս հանդիպումը մեծապես արհեստական բնույթ էր կրում, չկար հստակ բովանդակություն և օրակարգ, արվեցին ձևական հայտարարություններ (որպես կանոն՝ նման իրավիճակների ականատես ենք լինում մշտապես)։

Ակնհայտ է մի բան․ Հարավային Կովկասում Արևմուտքի որոշ հարցերում ակտիվ դերակատարման ֆոնին, տարածաշրջանի հիմնական խաղացողները նոր գործիքներով են փորձում գործարկել՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու նպատակով։ Ինչպես տեսնում ենք, Վրաստանը, ներկայումս նաև փաշինյանական վարչախումբը, հակամարտության կարգավորում, նաև անվտանգային որոշ մեխանիզմներ փնտրում է Արևմուտքում։

Կարևոր է նաև այն հանգմանքը, որ այս գործընթացը տեղի է ունենում վերջին օրերին Ֆրանսիա-Հայաստան պաշտպանական ոլորտում համագործակցության ֆոնին, ի հակադրություն որի խորքային լուրջ խնդիրներ են առաջանում հայ-ռուսական հարաբերություններում, որոնց մասին խոսում են երկու կողմից էլ։ Չի բացառվում, որ այս հարթակը հաջողություն չունենա, եթե Իրանը և Թուրքիան շարունակեն ակտիվորեն զբաղվել, գուցե հաջողվի պահպանել հանդիպումների ձևաչափը։

Մի բան ակնհայտ է․ այս ֆորմատը Ռուսաստանի համար գերկարևոր է, քանի որ նա այսօր կորցրել է Հարավային Կովկասում իր ունեցած ազդեցության մեծ մասը և այս ձևաչափում փորձում է Իրանի ու Թուրքիայի հետ միասին ինչ-որ բան պահպանել։

Ամփոփելով՝ արձանագրենք, որ այս պահին նախադրյալներ չկան պնդելու, որ Հարավային Կովկասում պահպանվելու է նախկին ու նույնիսկ ներկայիս ստատուս-քվոն, աշխարհը գտնվում է արմատական փոփոխությունների գործընթացում, ի դեպ, Մերձավոր Արևելքում բռնկված իրավիճակը ասվածի վառ ապացույցն է ։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular