ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արժե նաև գոնե մի քիչ մտածել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի հայտագիր է փոխանցվել: Խոսքը վերաբերում է ռուսական «Առաջին ալիքի» «Տուտիի գահաժառանգի տիկնիկները. Նիկոլ Փաշինյան՝ աղետի գուժկանը» թողարկմանը: ԱԳՆ-ն պաշտոնապես նշել է, որ «հաղորդման ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին»: Նման արձագանքը լիովին հասկանալի է՝ նման պայմաններում, սովորաբար խնդրո առարկա երկրի դեսպանին հրավիրում են ԱԳՆ և համապատասխան «բողոքի նոտա» փոխանցում, ինչը և արվել է: Անհասկանալի կլիներ անտեսումը:

Մյուս կողմից՝ հասկանալի է նաև մեր բազմաթիվ այն հայրենակիցների վրդովմունքը, որոնց կարծիքով, հիշյալ հաղորդման ընթացքում ոչ միայն «ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը», այլ հայ ժողովրդին են վիրավորել, առհասարակ, և Հայաստանի ու հայերի մասին նման տոնայնությամբ խոսելն անընդունելի է: Այնպես որ, կրկնենք, անխուսափելի ու բնական էր, որ հիշյալ հաղորդումից հետո պետք է որոշակի արձագանք հետևեր, առաջին հերթին՝ պետական կառույցներից: Բայց կա նաև հարցի մյուս կողմը, որը երբեմն անտեսվում է: Բանն այն է, որ փաստերը պետք է դիտարկել ընդհանրության և պատճառահետևանքային կապի մեջ: Երբ դու ամեն ինչ անում ես, այդ թվում՝ ցուցադրաբար, Ռուսաստանի հետ թշնամանալու համար, երբ նույն քպականները ՌԴ տարբեր պաշտոնյաների հրապարակավ վիրավորում են, ի՞նչ կարող ես ակնկալել:

Ի՞նչ է, ռուսներն աչք էին փակելո՞ւ այդ ամենի վրա, ռուսական պետական հեռուստաալիքները, բալալայկան վերցրած, փառաբանելո՞ւ էին Նիկոլ Փաշինյանին: Եթե դու հետևողականորեն ուզում ես փչացնել հարաբերություններդ Ռուսաստանի հետ, պետք է պատրաստ լինես նաև ստանալու նման «արձագանքներ»: Ըստ որում, հաշվի առնելով ռուսական քաղաքական իրողությունները, հիշյալ հաղորդումը կարելի է, այսպես ասած, «ծաղիկ» համարել: Ասել կուզի՝ դեռ այլ տհաճությունների էլ պետք է պատրաստ լինել կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների, այդ երկրում գտնվող միլիոնավոր մեր հայրենակիցների, դեպի ռուսական շուկա արտահանվող կամ «վերաարտահանվող» ապրանքների հետ: Այնպես որ, իրավացիորեն վրդովվելուն զուգահեռ՝ չի խանգարում նաև մի քիչ մտածելը, նաև հասկանալը, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է լինում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular