ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերությունները պետական աջակցության կստանան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը՝ արդյունաբերության ոլորտում պետական աջակցության գործիքակազմի ներդրման նպատակով: Ըստ հիմնավորման՝ Հայաստանը տնտեսական բարդության ինդեքսում (ECI) զբաղեցնում է 91-րդ դիրքը, որն ավելի ցածր է, քան համադրելի եկամուտներ ունեցող երկրներինը: Տնտեսական բարդության ինդեքսը թույլ է տալիս գնահատել երկրների տնտեսական աճի պոտենցիալը հաջորդող ժամանակաշրջաններում։ Նախորդ տասնամյակի համեմատ Հայաստանի տնտեսությունը դարձել է պակաս բարդ՝ վատթարացնելով վարկանիշում իր դիրքը 43 հորիզոնականով։ Հայաստանի բարդության վատթարացումը պայմանավորված է արտահանման դիվերսիֆիկացիայի բացակայությամբ: Հայաստանի արտահանման կառուցվածքի տնտեսական բարդությունը մնում է ցածր՝ վերջին 10 տարիների ընթացքում նվազման միտումով։ Ներկայումս տնտեսական պետական աջակցության գործիքակազմում բացակայում է արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված թիրախային միջոցառում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառում՝ որոշման ընդունումից հետո նախաձեռնված արդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրերի համար, որն անմիջականորեն կապված է լինելու ծրագրի կողմից թիրախավորված ցուցանիշների մասով տնտեսավարողների փաստացի արդյունքներով։ Կարգավորման նպատակն է սահմանել այն չափանիշները, որոնց բավարարելու պարագայում առևտրային ընկերությունները կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարությանը և պահանջվող փաստաթղթերն ու սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգումն անցնելու պարագայում ստանալ պետական բյուջեից աջակցություն` որոշակիորեն բարձրացնելով ներդրումների եկամտաբերությունը, այդպիսով գրավիչ դարձնելով ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրություն հիմնելուն կամ առկա արտադրությունն ընդլայնելուն ուղղված ծրագրերը։ Ծրագրով առաջարկվում է սահմանել ներդրումների ծավալի նվազագույն շեմ՝ 1 մլրդ դրամ, ընդ որում ներդրումները պետք է իրականացված լինեն սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո։ Բացի այդ ընկերության իրացման ծավալներում դրամական արտահայտությամբ տնտեսապես բարդ ապրանքների իրացումը պետք է կազմի առնվազն 30%, արտահանման մեջ՝ առնվազն 6%, իսկ արտադրվող ապրանքների տնտեսական բարդությունը` բարձր 0․2-ից, ձեռք բերվող և (կամ) ստեղծվող հիմնական միջոցների գտնվելու վայրը և ապրանքների ծագման երկիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը:

Որոշմամբ աջակցության առավելագույն չափն ամբողջ ընթացքում չի կարող գերազանցել առևտրային ընկերության կողմից կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (կառուցված, ձեռքբերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված) ակտիվների իրական արժեքի 35%-ը։ Ըստ առաջարկված մեխանիզմի՝ տարեկան աջակցության ծավալն ուղիղ համեմատական է արտադրվող և իրացվող ապրանքների տնտեսական բարդության և արտահանման մասնաբաժնի հետ, բացառությամբ միանվագ աջակցության և մեկնարկի աջակցության տրամադրման տարիների, որոնց պարագայում աջակցության չափը հավասար է կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված ակտիվների իրական արժեքի 10% և 5%-ին համապատասխանաբար։ Առաջարկվում է սահմանել արտաքին աուդիտի մեխանիզմ։ Առաջարկվում է նաև տնտեսապես բարդ ապրանքների ցանկը հաստատելու լիազորությունը վերապահել էկոնոմիկայի նախարարին մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը։ Տնտեսական բարդության ինդեքսն օգտագործելով որպես պետական աջակցության տրամադրման չափանիշ, այն է՝ աջակցությունն առաջնահերթորեն տրամադրելով այն տնտեսվարողներին, որոնք պատրաստվում են արտադրել 0.2 տնտեսական բարդության ցուցիչից ավելի բարձր ինդեքս ունեցող ապրանքներ, Կառավարությունը կարող է նպաստել երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը, ինչն էլ ուղղակիորեն կազդի երկրի ՀՆԱ-ի առաջանցիկ աճին։ Առաջարկվող աջակցության ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է՝ օտարերկրյա ներդրումների ներգրավում, ՀՀ տարածքում տնտեսապես բարդ և համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանքի արտադրություն, ՀՀ օտարերկրյա բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավում և այլն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular