Մարզառազմական ուսհաստատությունների սովորողներն անվանական կրթաթոշակ կստանան. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել նախարարի 2023 թ. մայիսի 12-ի թիվ 52-Ն հրամանում: Փոփոխությունները բխում են դպրոցահասակ երեխաներին մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ ավելի շատ ներգրավելու և աշակերտներին խրախուսելու անհրաժեշտությունից: Մասնավորաբար, կսահմանվի մարզառազմական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու կարգը: Մարզառազմական պետական ուսհաստատությունների սովորողների խրախուսումը, ըստ գերատեսչության, կնպաստնի ոլորտի գրավչության մեծացմանը, սովորողների առաջադիմության բարձրացմանը, զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, կնպաստի անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանը:
Կրթության հիմնական մակարդակում սովորողներին տրամադրվելու է ամսական 10, 20 և 30 հազար դրամի չափով կրթաթոշակ, բնականաբար, որոշակի պարտադիր պայմանների առկայության դեպքում, խոսքն, իհարկե, առաջադիմության մասին է: Կրթության ավագ մակարդակում ևս սովորողներին տրամադրվելու է կրթաթոշակ՝ համապատասխանաբար 15, 30 և 45 դրամի չափով՝ կրկին որոշակի պարտադիր պայմանների համապատասխանելու դեպքում: Կրթաթոշակների ձևակերպման և վճարման գործընթացն իրականացնում է մարզառազմական պետական ուսումնական հաստատությունը:
Վճարումը սովորողներին իրականացվում է անկանխիկ եղանակով, նկատի ունենալով երկու հանգամանք՝ կրթաթոշակ ստացող սովորողներն իրավունք ունեն իրենց վճարված կրթաթոշակների մինչև 50 տոկոսն օգտագործել միայն արձակուրդային օրերին, և մինչև տվյալ մարզառազմական պետական ուսհաստատությունում ուսումնառության ավարտը սովորողներն իրավունք չունեն օգտագործել իրենց վճարված կրթաթոշակների առնվազն 50 տոկոսը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում