Եթե ԼՂ-ից բռնի տեղահանվածները չներառվեն աշխատաշուկայում, դա կարող է հանգեցնել գնաճի. ԿԲ նախագահ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱրցախյան վերջին զարգացումների արդյունքում կառավարության օժանդակության ծրագրերը եւ կատարած ֆինանսական ծախսերը նպաստել են ներքին պահանջարկի ավելացմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախից տեղահանված 100 հազարից ավելի մարդու ինտեգրումը ՀՀ–ում ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել։
«Եթե չկարողանանք ներքին պահանջարկին զուգահեռ ստեղծել պայմաններ, որպեսզի տեղահանված արցախցիներն ինտեգրվեն ՀՀ աշխատաշուկայում, մեր ամենօրյա կյանքում, ապա կստացվի, որ առաջարկի տեսանկյունից անփոփոխ իրավիճակ կունենանք։ Այսինքն, պոտենցիալ ՀՆԱ–ի ազդեցությունը կլինի սահմանափակ։ Սա այն դեպքում, երբ պահանջարկի տեսնակյունից ընդլայնում ենք ունենալու, ինչը կարող է հանգեցնել գնաճային որոշակի երևույթների»,– ընդգծեց նա։
Այս պարագայում, ըստ Մարտին Գալստյանի, պետք է քայլեր ձեռնարկել արցախցիներին արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում ինտեգրելու ուղղությամբ։