ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան դարձել է Եվրոպական «Hotelstars» միության ասոցացված անդամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 25-ից 27-ը Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան՝ ի դեմս նախագահ Միքայել Մայրապետյանի, Բրյուսելում (Բելգիա) մասնակցել է HOTREC-ի 87-րդ Գլխավոր ասամբլեային (Եվրոպայում հյուրանոցների, ռեստորանների, բարերի և սրճարանների ասոցիացիա) և «Hotelstars» միության 6-րդ Գլխավոր ասամբլեային (ընդհանուր չափանիշներով հյուրանոցների դասակարգման ներդաշնակեցված եվրոպական համակարգ 21 անդամ երկրներում):

Ասոցիոցիայից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 25-ին 6-րդ Գլխավոր ասամբլեայի ընթացքում «Hotelstars» միության   անդամները կարևոր որոշում են կայացրել Եվրոպայում հյուրանոցների ընդհանուր դասակարգման ընդլայնման վերաբերյալ:

Հայաստանը ընդգրկվեց «Hotelstars» միության անդամ երկրների շրջանակում։ 2023թ․-ի մայիսից Հայաստանը ուներ դիտորդի կարգավիճակ և այժմ, ընդամենը վեց ամիս անց, դարձավ «Hotelstars» միության ասոցացված անդամ։ «Ի դեմս Հայաստանի մենք այժմ ողջունում ենք Կովկասից ևս մեկ երկիր մեր Աստղերի ընտանիքում: Մենք ձեռք ենք բերել կարևոր զբոսաշրջային գործընկեր», - այսպես է ողջունում Հայաստանին «Hotelstars» միության նախագահ Լյութեն որպես «Hotelstars» միության 21-րդ անդամ:

«Մեր տեսլականն է հասնել եվրոպական չափանիշներին մեր ոլորտի դինամիկ զարգացումն ապահովելու համար: Դրանցից մեկը հյուրանոցների դասակարգման համար «Hotelstars» միության Եվրոպական ներդաշնակեցված չափանիշներն են: Միանալով «Hotelstars» միությանը որպես ասոցացված անդամ՝ մենք կարող ենք ամեն ինչ պատրաստել հաջորդ տարի Հայաստանում համակարգի ներդրման համար»,- «Hotelstars» միության 6-րդ ընդհանուր ժողովի ժամանակ ընդգծեց Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի նախագահ Միքայել Մայրապետյանը։

Ներկայումս Հայաստանի կառավարությունը, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի, համագործակցելով Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի հետ, մշակում է Զբոսաշրջության մասին նոր օրենքը, որտեղ ակնկալվում է նաև, որ ասոցիացիան կզբաղվի ոլորտի չափանիշների սահմանմամբ, հյուրանոցների դասակարգմամբ, աստղերի շնորհմամբ և հավաստագրմամբ: «Hotelstars» միությանն անդամակցության շնորհիվ մենք ակնկալում ենք մեր երկրի ճանաչելիության և իր նկատմամբ վստահության հսկայական խթան և մրցակցային առավելություն այն հյուրանոցների համար, որոնք կմիանան միջազգային համադրելի և վստահելի չափանիշների այս համակարգին», – եզրափակեց Միքայել Մայրապետյանը:

Հանդիպման ընթացքում Մարկուս Լյութեն (Գերմանական հյուրանոցների ասոցիացիայի գլխավոր տնօրեն) վերընտրվեց «Hotelstars» միության նախագահ։

«Հյուրանոցների դասակարգման մեր ներդաշնակեցված համակարգը գտնվում է և մնում է առաջատար դիրքերում և ապագայում կշարունակի առաջարկել կողմնորոշում, թափանցիկություն և բարձր որակ հյուրերի և հյուրանոցատերերի համար», - ընդգծում է «Hotelstars» միության նախագահ Լյութեն:

Բելգիայի մայրաքաղաքում կայացած կոմիտեի նիստում ընդունվել է նաև 2025-2030 թվականների չափանիշների նախնական կատալոգը՝ որպես անդամ երկրներում հյուրանոցային աստղերի շնորհման ընդհանուր հիմք։ Հինգ տարին մեկ հյուրանոցների միության անդամները փորձարկման են ենթարկում չափանիշների կատալոգը, որպեսզի հյուրանոցների դասակարգումը շուկայում չկորցնի իր գրավչությունն ու նշանակությունը։ Չափանիշների կատալոգի ընթացիկ թարմացումը պետք է ավարտվի 2024 թվականի գարնանը: Ամենաուշը 2025 թվականի հունվարի 1-ից նոր չափանիշները պարտադիր կլինեն «Hotelstars» միության բոլոր 21 անդամ երկրների համար և կգործեն մինչև 2030 թվականը: Քանի որ Հայաստանը կսկսի հյուրանոցների որակավորման գործընթացը 2024 թվականից, այն կլինի Եվրոպայի առաջին երկիրը, որը պաշտոնապես կշնորհի հյուրանոցներին աստղեր՝ օգտագործելով նոր կատալոգը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular