ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահի աշխատակազմը տեղյակ է միայն ֆինանսական միջոցներից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.2024թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 771 մլն 633 հազար դրամ։ Այս մասին երեկ Ազգային ժողովում 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։ Նա նաեւ հավելեց, որ հատկացվող բյուջեի 82 մլն դրամը նախատեսվում է աշխատակազմի համար նոր ցանցային սարքավորումների եւ հեռահաղորդակցության համակարգերի ձեռքբերման համար, իսկ մյուս մասը կծախսվի նախագահի ներկայացուցչական ծախսերի վրա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի բյուջեի քննարկմանը «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրով տարեկան պլանը հաստատված էր 1 մլրդ 602 մլն 527 հազար դրամ։ Նախորդ տարի «Հանրապետության նախագահի գործունեություն եւ ներկայացուցչականության ապահովում» միջոցառման տարեկան պլանը հաստատված է եղել 1 մլրդ 598 մլն 700 հազար դրամ։ «Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման տարեկան պլանը հաստատված է եղել 3 մլն 760 հազար, 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, Կառավարության որոշմամբ, այն ավելացվեց 20 մլն դրամով:

Ստացվում է, որ 2024 թվականի բյուջեի քննարկման ընթացքում նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավմանն ուղղված ֆինանսական միջոցներն ավելացվել են 82 միլիոնով։ Ֆինանսական բյուջեն ավելացնում են, սակայն նախագահի գործունեությունը չի ավելանում։ Ներկայացուցչական ծախսեր կատարել սիրող իշխանությունների որոշումները ստորագրող նախագահը իրեն հատկացված ֆինանսական միջոցներն ուղղում է միայն իր արտագնա այցերին։

Օրինակ՝ մեր նախագահը շատ է սիրում այցելել իր ընկերներին արտասահման կամ հայտնի անձանց հոգեհանգստի արարողություններին, ինչպես, օրինակ, Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հոգեհանգիստը։ Ստացվում է, որ նախագահ Խաչատուրյանը եւ նրա աշխատակազմը տեղյակ են միայն ֆինանսներ ստանալուց եւ ծախսելուց, իսկ երկրում տիրող իրավիճակից նախագահը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ էլ շուտով կտեղեկանա մամուլից, եւ հուսով ենք՝ գոնե կմիջամտի կամ մի հայտարարությամբ հանդես կգա։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular