ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ «գրանդիոզ ծրագրերի» մասին խոսքերին հաջորդում են «գրանդիոզ» աղետները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը ներկայացնող ձայնակիցները վերջերս նոր «երգ» են բարձրաձայնում: Այն կոչվում է «խաղաղության խաչմերուկ»: Փորձագետները, ոչ իշխանական մեկնաբանները պարզորոշ նշում են, որ դա ընդամենը «գեղեցիկ» փաթեթավորված շեղող մանևր է՝ լավագույն դեպքում: Թե ինչ են կանխատեսում վատագույն դեպքում, կարծում ենք, առանց մեր ասելու էլ ընթերցողները տեղյակ են: Այստեղ մեզ այլ բան հետաքրքրեց: Մասնավորապես այն, որ հենց Նիկոլ Փաշինյանն սկսում է ինչ-որ «գրանդիոզ ծրագրերից» խոսել, դրան հաջորդում են «գրանդիոզ աղետներ», տապալումներ, լրջագույն ձախողումներ:

Փոքր-ինչ հեռվից գանք: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարեց (2020-ի փետրվարին Մյունխենում), թե՝ այդտեղ պիտի հեղափոխություն անեն, այսպես ասած՝ միկրոհեղափոխություններ, որոնք ինքն է նախաձեռնել: Դրա փաստացի հետևանքը եղավ «բանակցային գործընթացը» խուլ փակուղի մտցնելը: Բայց դա դեռ այնքան էլ «գրանդիոզ» չի հնչում: Շատ ավելի տպավորիչ էր «Հայաստան2050»-ի պրեզենտացիան: Սա, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի «մտքի թռիչքն» է, որի վկայության հղումը մինչև հիմա էլ կա վարչապետի պաշտոնական կայքում:

Ի՛նչն է հատկանշական. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն – 2050», այսպես ասենք՝ գրանդիոզագույն ծրագրի ներկայացում Նիկոլ Փաշինյանը արեց 2020 թվականի սեպտեմբերի 21-ին: Իսկ 6 օր անց սկսվեց պատերազմը: Այն պատերազմը, որի սկսվելու մասին Փաշինյանը, մեծ հաշվով, գիտեր, առավել ևս, որ ամեն ինչ արել էր, որպեսզի այն սկսվի: Արժե հիշեցնել նաև, այդ՝ «Հայաստան-2050» ծրագրի նախազդը Նիկոլ Փաշինյանն արեց դրանից 1 տարի առաջ` 2019 թվականի օգոստոսին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Վերածննդի հրապարակում, Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման առիթով ունեցած ելույթում:

Հիշո՞ւմ եք, սա այն ելույթն ու այն ծրագիրն է, որով Փաշինյանը նպատակադրվում էր 2050ին ՀՀ բնակչությունը հասցնել 5 միլիոնի, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող հայկական 5 տեխնոլոգիական ընկերություն և էլի շատ ու շատ բաներ, հա՛, Հայաստանը պիտի մինչև 2050 թիվը ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնա: Հիշեցի՞ք: Ճիշտ է, մեզ կհակադարձեն, թե՝ մինչև 2050 թիվը դեռ ինչքա՜ն ժամանակ կա: Բայց... Այդ ելույթում Փաշինյանը հայտարարեց. «Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ (նկատի ունի՝ 2050-ի ծրագրում-թղթ.) Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»: Ընդամենը 4 տարի է անցել: Արցախը հայաթափվել է, Նիկոլի կողմից ճանաչվել Ադրբեջանի մաս: Ընդամենը 4 տարի է անցել: Փաշինյանն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»: Ի՞նչ նոր աղետ է նախատեսել՝ ավելացնելու համար արդեն 3 տարուց ավելի շարունակվողին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular