ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի գլխավոր թիրախը Ռուսաստանն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանություններն այլևս չեն թաքցնում, որ իրենց հիմնական գլխավոր թիրախը Ռուսաստանն է։ Երեկ էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի զայրացագին տեքստ է մոգոնել՝ պատասխանելով Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։

Ի դեպ, ընդամենը շաբաթներ առաջ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, թե ո՞վ է Մարիա Զախարովան, որպեսզի ինքը նրան պատասխանի։ «Պարզվում է, միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը Ռուսաստանը համարում է ցուցադրական, հակառուսական ժեստ»,- իր տելեգրամյան ալիքում նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։ Մարիա Զախարովան էր հայտարարել, թե Մոսկվան ցուցադրական հակառուսական ժեստ է որակում Հայաստանի մասնակցությունը Մալթայում անցած շաբաթ տեղի ունեցած համաժողովին, որտեղ քննարկվում էր Ուկրաինայի առաջարկած խաղաղության բանաձևը։ «Հայաստանը պետք է ոչ մեկի հետ չշփվի, ոչ մի այլ հարթակի չմասնակցի, ոչ մեկին բարև անգամ չտա, սա են, թերևս դաշնակցային ճիշտ պատկերացումները, Հայաստանը պետք է մշտապես գոյաբանական կախվածություն ունենա դաշնակցից, պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե դաշնակիցը չլինի, իրեն կսպանեն, այդ վախը, այդ սուրը միշտ պետք է կախված լինի հայի գլխին, որ լինի դաշնակիցը»,- նշել է Ալեն Սիմոնյանը, ավելին, հարցրել է. «Հետաքրքիր է, օրինակ, Հայաստանի հետ ակտիվ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը և Հայաստանի հետ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ակնհայտ չկատարելը նույն տրամաբանությամբ է, ի՞նչ է»։

Առնվազն կարելի է համաձայնվել, կամ չհամաձայնվել Ալեն Սիմոնյանի այս գնահատականների հետ, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանություններն արդեն տևական ժամանակ չափազանց կոշտ են արձագանքում Ռուսատանին, նախ, բզբզելով փորձում են զայրացնել և մղել չկանխամտածված գործողությունների, որպեսզի կարողանան բարձրացնել Հայաստանից առնվազն ռուսական բազայի և այլ կարևոր օբյեկտների հեռացման հարցը, մյուս կողմից էլ կարողանան իրենց արևմտյան հովանավորների աչքին լավամարդ երևալ։

Թերևս Ռուսաստանն իր գործողություններով ցույց է տալիս, որ հրաշալի հասկանում է Հայաստանի գործող վարչախմբի պարզունակ այս խաղը։ Ի զուր չէ, որ հենց երեկ ՌԴ վարչապետ Միխայել Միշուստինը ստորագրեց Կապանում հյուպատոսարան բացելու որոշումը։

Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են հեռացնել Ռուսաստանին, Ռուսաստանը փորձում է ավելի ամրապնդվել։ 

Սաթենիկ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular