ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրի միջանցք. ինչի շուրջ են վիճում Երևանն ու Բաքուն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kommersant.ru-ն գրում է, որ Զանգեզուրի կամ Սյունիքի միջանցքը մոտ 40 կմ երկարությամբ ճանապարհների և երկաթգծերի նախագիծ է, որը պետք է անցնի ՀՀ Սյունիքի մարզի տարածքով։ Ադրբեջանին դա անհրաժեշտ է իր արևմտյան շրջանների և էքսկլավի` Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապ ապահովելու համար: Խորհրդային տարիներին Ադրբեջանն ու Նախիջևանը կապված էին մայրուղով և Անդրկովկասյան երկաթուղու մի մասով։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից և Ղարաբաղյան առաջին պատերազմի սկսվելուց հետո հաղորդակցությունն այդ տարածքում դադարեց։ Ապամոնտաժվեց երկաթուղային գիծը, ընդհատվեց Նախիջևանի և Ադրբեջանի ցամաքային կապը:

2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կողմերն անհաջող փորձեցին պայմանավորվել տրանսպորտային կապերի վերականգնման շուրջ։ 2023 թվականի սկզբի դրությամբ Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածում ճանապարհի կառուցումն ավարտվել է 70 %-ով։ 2023 թվականի ամռանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է անկախ նրանից, թե Հայաստանը դա ուզի, թե ոչ»:

Բայց Հայաստանը դեմ է Զանգեզուրի միջանցքի կառուցմանը: Երկրի իշխանությունները կարծում են, որ «միջանցք» բառը ենթադրում է ապագա ճանապարհի և դրա տակ գտնվող հողերի անցում Բաքվի վերահսկողության տակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իր կառավարությունը «ոչ մի միջանցքային տրամաբանություն չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու»։

2023 թվականի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում բախվեցին «Զանգեզուրի միջանցք» եզրույթի շուրջ։ Հայաստանի վարչապետի խոսքով այդ արտահայտությունն օգտագործվում է իր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ արտահայտելու համար։ Պարոն Ալիևն իր հերթին վստահեցրել էր, որ «Զանգեզուրի միջանցք» բառերով ինքը նկատի չունի որևէ պահանջ: Այնուհետև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր միջամտել վեճին և մատնանշել ավելի կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվելու հարցը։

Ըստ Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի, Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կօգնի արտահանման ծավալների ավելացմանը 710 միլիոն դոլարով, ինչպես նաև Բաքուն կտնտեսի 10 միլիոն դոլար, որն ամեն տարի ծախսվում է Բաքու-Նախիջևան չվերթների սուբսիդավորման վրա։ Բացի այդ, երթուղու բացումը թույլ կտա ուղիղ գազամատակարարումներ հաստատել։ Ներկայումս փոխանակման համակարգով գազի մատակարարումն իրականացվում է Իրանի տարածքով։ Միաժամանակ Թեհրանը որպես վճար պահպանում է ադրբեջանական տարանցման 15 %-ը։

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանը և Իրանը ստորագրել են երկաթուղի կառուցելու մտադրության արձանագրություն, որը Ադրբեջանի հիմնական հատվածը կկապի Նախիջևանի հետ Իսլամական հանրապետության տարածքով։ Նույն օրը տեղի է ունեցել Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղի տարածքում Ադրբեջանի և Իրանի միջև ճանապարհային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքի հիմքը դնելու արարողություն։ Ինչպես նշել է երկրի կառավարությունը, ստեղծվող հարմարությունները կծառայեն տարանցիկ բեռնափոխադրումների ավելացմանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապի դյուրացմանը։ Դրանից հետո Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Politico-ին ասել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախագիծը կորցրել է իր գրավչությունն Ադրբեջանի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular