«Ֆրանսիան միանում է Ռուսաստանին՝ Հայաստանին պաշտպանելու գործում»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱմերիկյան Henryjacksonsociety.org հրատարակությունը գրում է, որ երբ վեց տարի առաջ Թուրքիան պայմանագիր ստորագրեց ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու մասին, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները դատապարտեցին այդ քայլը: Ֆրանսիան վերջերս հայտարարել է Հայաստանի կողմից 3 GM-200 ռադարների և «Mistral» ՀՕՊ համակարգի գնման մասին, ինչը չի առաջացրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների բողոքը։
Ինչո՞ւ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չեն դատապարտել Ֆրանսիայի որոշումը: Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է, որը Ռուսաստանը ստեղծել է 1990-ականների սկզբին որպես ՆԱՏՕ-ին հակակշիռ։ Հայաստանի ՀՕՊ համակարգում ռուսներ են՝ քիչ թվով հայերի հետ: Ֆրանսիան խոստացել է հրահանգիչներ և խորհրդատուներ ուղարկել GM-200 և Mistral ՀՕՊ համակարգերի տեղադրման և շահագործման համար: Փաստացի Ֆրանսիացիները բառացիորեն ռուս զինվորականների հետ միասին կաշխատեն Հայաստանի հակաօդային պաշտպանության վրա։ Նշենք, որ չնայած ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի պասիվության վերաբերյալ վերջին քննադատությանը, Հայաստանը մտադիր չէ դադարեցնել իր խորը ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ։
ԱՄՆ-ի և Եվրոպայի երկակի ստանդարտները քրիստոնյա Հայաստանի ռոմանտիկ ընկալման արդյունք են, քանի որ այդ տարածաշրջանում գերակշռում են ավելի մեծ հարևաններ Թուրքիան և Ադրբեջանը, որոնց հետ հայերը պատմական հակասություններ են ունեցել: Այդտեղից էլ լավատեսությունը, որը կապված է արևմտյան մամուլում Հայաստանի՝ Ռուսաստանից դեպի Եվրոպա վերակողմնորոշվելու մասին հրապարակումների հետ։ ԱՄՆ-ն և Եվրոպան, անշուշտ, պետք է ողջունեն Հայաստանի վերակողմնորոշումը Եվրասիայից դեպի Եվրոպա, բայց պետք է էյֆորիայի վաղ չափաբաժինները մի կողմ թողնել, դա ավելի դժվար կլինի, քան ներկայացնում են մեկնաբանների ու քաղաքական գործիչների մեծ մասը: Հայաստանը նախ պետք է ապացուցի իր հավատարմությունը եվրաինտեգրմանը՝ դադարեցնելով Ռուսաստանին օգնել խուսափելու արևմտյան պատժամիջոցներից: Ի դեպ, դրան մասնակցում է նաև Վրաստանը։ Հայաստանի վերակողմնորոշումը կողջունեն Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանի ընդդիմությունը։ Այնուամենայնիվ, արևմտյան քաղաքականություն մշակողները պետք է գիտակցեն, որ Հայաստանի վերակողմնորոշումը Փաշինյանից կպահանջի հսկայական քաղաքական կամք դիմակայելու ռուսամետ և իրանամետ ընդդիմությանը:
Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, տարբեր արտաքին քաղաքականություններ են վարում։ Ադրբեջանը վարում է ոչ դաշնակցային և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն պահպանելով լավ հարաբերություններ Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Բացի դա Իսրայելը Ադրբեջանի հետ ռազմական գործընկերություն ունի, որը տասը տարով ավելի հին է, քան Թուրքիայինը: Վրաստանը վարում է արևմտամետ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, բայց 2012 թվականից խորհրդարանական ընտրություններում օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքի» հաղթանակից հետո Վրաստանը նսեմացնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու կարևորությունը։ Իսկ Հայաստանը լիովին ինտեգրված է Եվրասիայում Ռուսաստանի ղեկավարած կառույցներին։ Հայաստանը երբեք չի հայտարարել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու իր ցանկության մասին, քանի որ Ռուսաստանի գլխավորած այլընտրանքների՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է։ 2013 թվականին Հայաստանը պետք է ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն Ռուսաստանի ճնշման տակ հրաժարվեց դրանից և միացավ Վլադիմիր Պուտինի այլընտրանքային նախագծին` ԵԱՏՄ-ին
Մինչ Փաշինյանի իշխանության գալը՝ 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունը, ռուսամետ «ղարաբաղյան կլանն» էր իշխում երկրում։ Պուտինը միշտ էլ կասկածամտորեն է վերաբերվել գունավոր հեղափոխություններին, հավատալով, որ դրանք իրական ժողովրդական ընդվզումներ չեն, այլ դավադրություններ, որոնք կազմակերպվում են Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ: Ուստի զարմանալի չէ, որ Պուտինը միշտ էլ կասկածանքով է վերաբերվել Փաշինյանին։
Փաշինյանի մանևրելու ազատությունը հնարավոր է դարձել այն պատճառով, որ Ռուսաստանը հայտնվել է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեջ։ Նախկին խորհրդային հանրապետություններից միայն Բելառուսն է հավատարիմ մնացել Ռուսաստանին ՄԱԿ-ում Ղրիմի օկուպացիայի և ուկրաինական պատերազմի վերաբերյալ քվեարկության ժամանակ։ Եվրասիան վերահսկելու Ռուսաստանի հնարավորությունը զգալիորեն կրճատվել է Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Իհարկե, Ռուսաստանի դիմադրությունը Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշմանն ավելի թույլ կլինի, քանի որ նա ճահճացել է Ուկրաինայի պատերազմում։ Սակայն թուլացած Ռուսաստանը կշարունակի խոչընդոտել Հայաստանի առաջխաղացմանը դեպի Եվրոպա։ Իսկապես, թեև Փաշինյանը քննադատել է ՀԱՊԿ-ին անգործության համար, բայց չի սպառնալ կառույցից դուրս գալ։ Ռուսաստանը ռազմակայաններ ունի Գյումրիում և Երևանում: Դրանց փակումը շատ հայերի շրջանում ժողովրդականություն չի վայելում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընկած երկրի աշխարհագրական դիրքի պատճառով: Բացի դա, դժվար թե Պուտինը համաձայնի դրանց փակմանը, ինչը կդիտարկվի որպես ապտակ Ռուսաստանի մեծ տերության կարգավիճակին:
Ֆրանսիան շտապել է. նա պետք է Հայաստանին վաճառեր սպառազինություն նրա Ռուսաստանի ուղեծրից դուրս գալուց հետո։ Փաշինյանի կողմից Հայաստանի վերակողմնորոշումը Եվրասիայից դեպի Եվրոպա պետք է ողջունվի ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից, թեև դա շատ դժվար է լինելու։ Հայաստանի համար առաջին քայլը պետք է լինի դադարեցնելը օգնել Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից։ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո երկրորդ քայլը պետք է լինի Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունը՝ Ռուսաստանի և Իրանի միջամտությունները Հարավային Կովկասում արգելափակելու նպատակով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը