ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Ստեփանակերտով անցան Բաքվի տանկերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 8-ը հայ իրականության մեջ հավիտյան կմնա ամոթի ու խայտառակության օր։ Հենց այս օրը լկտիաբար դավաճանվեց հայոց պայքարի խորհրդանիշ Արցախը․ այդ օրը հայի արժանապատվության ու խաբեության օրն է, որն արդեն համակած է բոլորիս ուղիղ 3 տարի։ Բոլորս ենք հիշում, թե այդ օրերին ինչպես էր իշխանության կողմից տիրաժավորվում այն հայտնի կեղծ թեզը, թե «դե ստորագրեց, որ 30 հազարի փրկի»։ Իսկ թե այդ ինչ 30 հազար զինվորի մասին էր խոսքը, առ այսօր մնում է հանելուկ և մի քանի անհայտով հավասարում։

Այսօր արդեն հայոց Ստեփանակերտում ադրբեջանական շքերթ է  նախտեսված, որտեղ հավանաբար Ադրբեջանը կփորձի ցույց տալ հնարավոր այն ամենը, ինչը կարող է ցավեցնել հային։ Բնավ մտադրություն ու նպատակ չունենալով անդրադառնալ այդ սատանայական շքերթին՝ կցանկանայի բոլորով հասկանանք, թե ինչու եղավ, որ մի օր թուրքը ոտք դրեց Արցախ ու էլ ավելի՝ Ստեփանակերտում տրիումֆ է անում։

Ասվածն ունի մեկ անուն և մեկ հասցե՝ Նիկոլ Փաշինյան։ Նա, ով իշխանության գալուց ի վեր ուներ մեկ նպատակ՝ ազատվել Արցախի բեռից, հնարավորինս արագ ու էական չէ, թե ինչ տարբերակով պրծնել իր համար այդքան ատելի պատմական հայական տարածքից։ Թերևս 2018-ի իրադարձություններին հետևած շատերս ենք հիշում, թե ինչպես էր նա ամբոխահաճո հայտարարություններ անում և իրեն մեջտեղից պորթում, թե «Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի», որ «Արցախը մեր սուրբ հողն է», «ՀՀ-ն՝ Արցախի միակ երաշխավորը»։ Սակայն այդ դատարկ ցնդաբանություններից այն կողմ ոչ մի էական դինամիկա մենք չտեսանք, հակառակը, ամեն ինչ շրջվեց գլխի վրա։

Նախ հայտարարեց, թե ինքն Արցախի հարցում բանակցությունները սկսում է «սեփական կետից», Ալիևին կառուցողական հռչակելուց հետո էլ լկտիաբար ճոռոմաբանում էր, թե Արցախի բանակցային գործընթացի մասին Ալիևն իրեն բավականին հետաքրքիր տեղեկություններ է փոխանցել, իսկ թե ինչ տեղեկություններ էին, այ դա մենք արդեն տեսանք 2018-19 թվականների Նիկոլի կողմից որդեգրած տերմինաբանություններում ու հնչեցվող թեզերում։ Ստացվում է, որ Նիկոլն Ալիևին գերադասեց «թալանչի» նախկիններից և փոխանակ հայկական պետության շահերից ելնելով նախկին նախագահների ու ԱԳ նախարարների հետ խորհրդակցելը՝ պառկեց Ալիևի ու Էրդողանի տակ։ Ինչևէ։

Օվերտունի պատուհանի գուրուն շատ հանգիստ ու հետևողական կարողացավ հանրային ամլացման ֆոնին կառուցել ու համապատասխանեցնել այն դրույթները, որը նա ստացել էր թուրքական ղեկավարությունից։ Աստիճանաբար շարքից հանվեց նախ բանակը, անվանարկվեցին ու կալանավորվեցին գեներալներն ու հաղթանակի խորհրդանիշ հանդիսացող անհատներ, իսկ Միքայելյան Սասունը հայտարարեց, թե «2018-ին տեղի ունեցածն Արցախյան հերոսամարտից կարևոր իրադարձություն էր»։

Միմյանց հերթ չտալով՝ սկսվեց գործողությունների հերթական ալիքը․ 2018-ին «կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը փամփուշտները հալեցնում, զարդեր էին սարքում, զուգահեռ անընդհատ քարոզ տանում, թե «մեր հայորդիների կյանքն էսքան ժամանակ զոհաբերել ենք հանուն ոչնչի»։ Ավելին, 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում կայացած Փաշինյանի և Ալիևի հայտնի «վերալակային հանդիպումից» հետո Նիկոլն ու յուր թիմակիցները կրկնում էին այն թեզը, որ «ցանկացած հարցի կարգավորում  պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանի ժողովրդի համար»։

Օրինակները հասնում են հարյուրների, որոնք միմյանց հետ համադրելով՝ սպիտակ թղթի նման պարզ է դառնում, թե այդ ինչպես եղավ, և գլխավորը՝ ում մեղքով էր, որ 2023-ի նոյմեբերի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակով անցնում են Բաքվի տանկերը։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular