ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կյոռլինգ

ՖՈՏՈ

Կյոռլինգը լայն հանրությանը հայտնի է դարձել ոչ այնքան վաղուց։ Դա տեղի է ունեցել 1998 թվականին օլիմպիական մարզաձև ճանաչվելու շնորհիվ։ Այդ տարվանից է այն ընդգրկված ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։
Հաստատապես հայտնի է, որ կյոռլինգի ծննդավայրը Շոտլանդիան է։ Հետազոտողները կարծում են, որ դրա նման խաղ կարող էր հայտնվել դեռ 16-րդ դարում։ Այդ ամենը հաստատող փաստ է չորացած ջրամբարի հատակին այնպիսի քարի հայտնաբերումը, որը նման է կյոռլինգի ժամանակ օգտագործվող քարին: Գտնված քարը թվագրված է 1511 թվականով: Տարեգրությունում կյոռլինգն առաջին անգամ հիշատակվել է 1541 թվականին, երբ վանական Ջոն Սքլեյթերը աբբայության ներկայացուցիչ Գևին Համիլթոնին քյոռլինգ խաղալու մարտահրավեր է նետել։ Հետագայում Հոլանդիայում է կյոռլինգն արագ արմատավորվել, քանի որ հոլանդացիները շատ սերտ տնտեսական և մշակութային կապեր են ունեցել Շոտլանդիայի հետ։
1737 թվականին Շոտլանդիայում սկսել է գործել առաջին կյոռլինգի ակումբը։ Մոտավորապես նույն ժամանակ նրանք սառած լճակի վրա կառուցել են այդ խաղի համար նախատեսված առաջին խաղահրապարակի նախատիպը: Սկզբում խաղի համար  ընտրվում էին անհրաժեշտ չափի սովորական քարեր։ «Կյոռլինգ» բառն ինքնին նշանակում է «խաղալ ճչացող քարերի հետ»։ Ըստ երևույթին, դա պայմանավորված է այն ձայնով, որը առաջացնում են ոչ հարթ քարերը սառցե մակերևույթի վրայով սահելիս: Այդ պատճառով էլ կյոռլինգի զարգացման սկզբնական փուլում սիրողական թիմերի հաղթանակը շատ առումներով կախված էր ոչ թե սպորտային հմտություններից ու վարպետությունից, այլ սովորական բախտից։ Սկսած 17-րդ դարից քարերը սկսել են բերել մեկ ստանդարտի: 19-րդ դարի սկզբին Շոտլանդիայում հորինվել և հաստատվել են կյոռլինգ խաղի պաշտոնական կանոնները։ Այդ ժամանակից ի վեր դրանցում լուրջ փոփոխություններ չեն կատարվել։ Մրցող թիմերը բաղկացած են չորս խաղացողներից: Նրանցից յուրաքանչյուրը, որոշակի հաջորդականությամբ, հերթով կատարում է 2 քարի նետում մեկ ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ խաղում կա 10 էնդ: Մարզաքարի յուրաքանչյուր նետման իմաստը հակառակորդի քարը տանից դուրս մղելն է և այնտեղ քո սեփականը դնելը: Յուրաքանչյուր քարի համար, որն ավելի մոտ է տան կենտրոնին, քան հակառակորդի քարերից որևէ մեկը, ինչպես նաև տան ներսում գտնվելու կամ դրա պարագծին դիպչող քարի համար թիմին շնորհվում է 1 միավոր: Առավելագույն միավորներ հավաքած թիմը հաղթում է:
Կյոռլինգի համար նախատեսված սպորտային սարքավորումները բաղկացած են գրանիտից պատրաստված քարերից, խոզանակից՝ սառույցի մակերեսին քսելու համար, որի վրա շարժվում է քարը և հատուկ կոշիկի սահիկից, որը բարելավում է սառցե մակերեսի վրա սահելը։
Կյոռլինգի առաջին աշխարհի առաջնությունը տղամարդկանց թիմերի միջև անցկացվել է 1959 թվականին, 20 տարի անց եղել է կանանց առաջնություն: 1975 թվականից սկսվել են աշխարհի ամենամյա առաջնությունները։ 1998 թվականին, Ճապոնիայի Նագանոյում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ, կյոռլինգը կատարել է իր պաշտոնական դեբյուտը որպես օլիմպիական մարզաձև։ Բոլոր միջազգային մրցումներն անցկացվում են փակ տարածքում՝ դրանց ներսում ջերմաստիճանի մանրակրկիտ հսկողությամբ:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular