ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վագիֆ Խաչատրյանի ընտանիքին որևէ տեղեկություն չեն հաղորդել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը հրապարակեց արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։ Նրան 1992 թվականին Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերի մեջ մեղադրեցին, ինչ-որ կեղծ վկաներ բերեցին դատարան եւ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Այս մասին մենք իմացանք ադրբեջանական լրատվամիջոցներից, որոնք պարբերաբար հեռարձակում էին դատավարության ընթացքը։ Ազատազրկման առաջին 5 տարին, ըստ ադրբեջանական դահիճ դատարանի կայացրած դատավճռի, Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն առեւանգել է հուլիսի 29-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի՝ Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։ Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որեւէ հանցագործություն չի կատարել։ Եվ այն լուսանկարը, որը բերվել է դատարան` ենթադրյալ հանցագործի, իր երիտասարդ տարիների լուսանկարը չէ` այլ անձ է:

Չնայած միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտարարել էր, որ Ադրբեջանում գտնվող 16 գերիների առողջական վիճակի եւ պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին, Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ոչ մի տեղեկություն իր տարեց հորից իրենք չեն ստացել։ «Ոչ մի տեղեկություն, ոչ մի լուսանկար, ոչինչ չենք ստացել, ոչ մի նոր բան, ամեն ինչ համացանցից ենք իմանում, դատից հետո անգամ ոչ մի նորություն»,- նշեց նա: Վերա Խաչատրյանն ասում է, որ հոր լուսանկարները միայն դատական նիստի ժամանակ է տեսել: Նա պնդում է, որ հայրն անմեղ է, ոչինչ չի արել, սակայն դատապարտվել է սարսափելի դատավճռով։ «Իսկ ի՞նչ սպասել, սարսափելի է միանշանակ, սարսափելի է, որովհետեւ անմեղ մարդը հայտնվել է Բաքվում եւ դատապարտվել: Իմ հայրը պետք է ազատ արձակվի, բայց դե տեսանք` ինչ եղավ»,- նշեց նա: Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Բաքվի հրապարակած դատավճռից հետո, իրենք դիմե՞լ են որեւէ կառույցի կամ պետական որեւէ մարմնի, Վերա Խաչատրյանն ասաց. «Դեռեւս ոչ մի տեղ: Որեւէ մեկը մեզ հետ կապ չի հաստատել, ես հիմա շատ վատ վիճակում եմ եւ այլեւս չեմ կարող խոսել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular