ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ում տապալվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը. կոռուպցիոն բացահայտում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 19-ից Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովը կմնա առանց նախագահի: Պատճառն այն է, որ ԱԺ-ն մինչ օրս փաստացի չի կազմակերպել ԿԿՀ նախագահի ընտրությունը:
Միաժամանակ իշխանության ներսում թեժ պայքար է այդ պաշտոնի համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԿՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայիս նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Թե նշվածներից ով կդառնա հանձնաժողովի նախագահ, քաղաքական իշխանությունները դեռ վերջնական որոշում չունեն: Ի վերջո, Հայկուհի Հարությունյանի՞ն ՔՊ-ն ձայն կտա, թե՞ կնախընտրի Ալեն Սիմոնյանի խորհրդականին կամ ՔՊ-ական որեւէ պատգամավորի, որի մասով արդեն պլաններ կան:

Ամեն դեպքում, միայն այսքանով թեկնածուների ընտրության շուրջ առաջացած խառնաշփոթը չի ավարտվում:

Բանն այն է, որ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023 թվականի նոյեմբերի 17-ին, եւ այս տարվա օգոստոսին նա դիմել է ՀՀ Ազգային ժողով՝ հայտնելով, որ կազմակերպվի հանձնաժողովի երկու թափուր անդամների ընտրություն: ԱԺ նախագահի աշխատակազմը մինչ օրս ընտրության գործընթացը չի կազմակերպել. կա՛մ նրանք պրոֆեսիոնալիզմի հետ լուրջ խնդիրներ ունեն, կա՛մ էլ կոռուպցիոն պատճառներով չեն կազմակերպել, մինչեւ ԱԺ նախագահի խորհրդականի թեկնածության մասով հարցերը կարգավորվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ԱԺ-ում ձեւավորվել է ԿԿՀ անդամների ընտրության մրցութային խորհուրդ։ Խորհրդի կազմում ընդգրկվել է ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը (նրան էլ որոշ շրջանակներ փորձում են ուղարկել ԿԿՀ՝ որպես նախագահ), ԱԺ ՔՊ-ական խորհուրդը մերժել է ընդդիմադիր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը: Այսինքն՝ ԱԺ-ում մտադիր են առանց ընդդիմության անկախ հանձնաժողովի անդամներ ընտրել:

Մրցութային խորհուրդը, որտեղ ընդգրկվել են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, վերը թվարկված 3 թեկնածուների գործունեության բարեվարքության մասով հարցումներ է ուղարկել տարբեր կառույցներ, եւ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, խորհրդի հարցումներին մինչ օրս ոչ բոլոր կառույցներ են պատասխանել: Այսինքն՝ խորհրդարանական երկրում ԱԺ պաշտոնական հարցումները մնացել են անպատասխան, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունը ապահովել, ի վիճակի չէ իր պաշտոնական պարտականությունները կատարել:

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքը սահմանում է հետեւյալը. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) մրցույթը հայտարարում է հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 30 օրվա ընթացքում։

Իրավիճակը ճիշտ նման է ՀՀ օմբուդսմենի պաշտոնի շուրջ առաջացած վիճակին, երբ գրեթե 3 ամիս ՀՀ-ն չուներ օմբուդսմեն: Ստացվում է, որ ընդամենը մի քանի օրից ՀՀ բոլոր պաշտոնյաների ունեցվածքը խոշորացույցի տակ պահելու հանձնառություն ունեցող կառույցը կմնա առանց նախագահի: Այս խայտառակ իրավիճակի մասով մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին, որը հայտնեց՝ բոլոր ժամկետները պահպանված են, խախտում չկա, հանձնաժողովի անդամների ընտրության գործընթացը մեկ օրվա աշխատանք չէ:

Նկատենք, որ ՔՊ-ն որոշել է օկուպացնել նաեւ ԿԿՀ անկախ նախագահի պաշտոնը. այն ապաքաղաքական, անկախ մարմին է եւ աշխատում է կոլեգիալ սկզբունքով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular