ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունն առաջարկում է երկարաձգել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը, պատգամավորները դժգոհ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը առաջարկում է հնարավորություն տալ լիազոր մարմնին քաղաքացիներին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր, մինչև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիական համակարգի ներդրումը։  

Ազգային ժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ղազարյանը նշեց, որ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հետագայում Կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել լայն բարեփոխումների և երկրում  ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները։

«Առաջարկվող նախագիծն առաջարկում է հնարավորություն տալ լիազոր մարմնին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր, մինչև համակարգի ամբողջական արդիականացումն ու ներդրումը»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նաև հիշեցրեց, որ 2022-ին տեղի է ունեցել տեղեկատվական համակարգերի խորհրդի նիստը, որով հաստատվել են նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման, անվտանգության պայմանները, մրցույթի շրջանակները:

Ղազարյանը նշեց, որ նիստի ընթացքում խորհուրդը վերահաստատել է նոր համակարգի ներդրման մշակման նախընտրելի ձևաչափը, այն է՝ արտապատվիրակումը հանրային-մասնավոր գործընկերության միջոցով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացված նախագծի ժամկետների մասով մտահոգություն հայտնեցին, քանի որ այն մի քանի անգամ քննարկվել է ԱԺ-ում, անգամ նշվել է, որ հարցը վերջին անգամ է քննարկվում, սակայն կրկին նախատեսված ժամկետներից ուշացել է: Իսկ ժամկետ էր սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը:

«Ինչքա՞ն ժամանակ հետո քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր ստանալ»,- մասնավորապես հարցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:  

Արմեն Ղազարյանը հայտնեց, որ նույնականացման քարտերի և հին նմուշի անձնագրերի տրամադրումը չի դադարեցվել և կշարունակվի՝ մինչև համակարգի ամբողջությամբ ներդրումը: Իսկ թե երբ կսկսվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը, Արմեն Ղազարյանը հստակեցրեց՝ նշելով, որ աշխատանքը կատարվելու է փուլերով և ժամկետ նշելը դժվար է:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս անդրադարձավ խնդրին։

«Սա շատ մեծ խնդիր է: Էլ չեմ ասում օդանավակայաններում տեղի ունեցողը, երբ անձնագրերով մոտենում ես, ամեն երկրորդ երկրում անձնագիրդ վերցնում են, գնում են, բացում են, նայում են, հասկանում են: Ամաչում էլ ես ասել, որ դու պետական պաշտոնյա ես: Դիվանագիտական անձնագրերը՝ նույն վիճակում»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով զբաղվել հարցով՝ որպես առաջնային խնդիր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular