Բրյուսելի Պողոսյան հիմնադրամում բացվել է Հայաստանի պատմությունը ներկայացնող ցուցահանդես
ՄՇԱԿՈՒՅԹԲրյուսելի ամենահայտնի մշակութային օջախներից մեկում՝ Պողոսյան հիմնադրամում (Boghossian Foundation) բացվել է «Հայաստան․ Սրբազանի ժամանակը» խորագրով ցուցահանդեսը, որը մինչև 2024 թվականի մարտի 10-ը այցելուներին կներկայացնի Հայաստանի պատմությունը։
«Նույնիսկ վերջին շաբաթների ողբերգական իրադարձությունները գալիս են փաստելու, որ խոսքը տառապանքի պատմության մասին է։ Այդուամենայնիվ, հմայքը մնում է անփոփոխ՝ ի դեմս այս քաղաքակրթությանը բնորոշ բացառիկ ճարտարապետական և մշակութային ժառանգության։ Մեզ համար շատ կարևոր էր և խորհրդանշական նման ցուցահանդեսի բացումը, որն ականատես կդարձնի ինչպես կանգուն, այնպես էլ արդեն անհետացած կամ անհետացման շեմին գտնվող մշակութային կոթողներին»,-ասում է հիմնադրամի տնօրեն և ցուցահանդեսի կուրատորներից Լաումա Սալամեն ու հավելում, որ չպետք է մոռանալ, որ Հայաստանի պատմությունն անմիջականորեն կապված է նաև քրիստոնեության պատմության հետ։
Ցուցահանդեսին ներկայացված էին նաև բացառիկ նմուշներ Ֆրանսիայի հայկական թանգարանից․ մանրանկարներ, ձեռագրեր, հանրությանը երբեք չցուցադրված պատարագի թանկարժեք իրեր, որոնք տեղադրվել են ժամանակակից արվեստագետների՝ Սարգիսի, Մխիթար Կարապետյանի, Անտուան Ագուջյանի, Ժան Պողոսյանի, Աիդա Ղազարյանի և Պասկալ Կոնվերտի գործերի կողքին: