44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմը հաղթել է վավերագրական կինոյի Ամստերդամի փառատոնում
ՄՇԱԿՈՒՅԹՎավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոն), Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմն արժանացել է միանգամից 2` «Լավագույն ֆիլմ» և «FIPRESCI» մրցանակների։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Արցախյան 44–օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմի գլխավոր մրցանակի համար ժյուրիի ձևակերպումը հետևյալն է.
«Ֆիլմը թափանցող լույս է, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին աշխարհը` անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն՝ որպես գոյատևման գործիք, թույլ է տալիս տեսնել այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել»։
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի անվանումը 44–օրյա պատերազմում նրա զոհված եղբոր՝ Սողոմոնի մարմնին տրված համարն է։ Տղան անհետ կորել էր 2020 թվականի հոկտեմբերին։