ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս պահին որևէ պատուհան փակ չէ»․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը՝ հայ - ադրբեջանական բանակցությունների մասին․ «Ազատություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Ադրբեջանը կօգտվեն այն ուղիներից, որոնք հնարավորություն կտան առաջընթաց գրանցել բանակցություններում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը։

Անդրադառնալով Բաքվի՝ վաշինգտոնյան բանակցություններին չմասնակցելուն և միաժամանակ Միացյալ Նահանգներին կողմնակալության համար խիստ քննադատելուն՝ Քարփենթերը արձագանքել է․  «Մենք շարունակում ենք համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը, որպեսզի տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություն, բացվեն տրանսպորտային կապերը։ Մենք կարծում ենք, որ այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալը բոլորի, անշուշտ, Միացյալ Նահանգների օգտին է: Եվ ուրեմն, մենք շարունակելու ենք փորձել հեշտացնել դա մեզ հասանելի գործիքների միջոցով: Եվ հուսով ենք, որ կողմերը նույնպես հասկանում են, որ դա բխում է նաև իրենց շահերից»։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այն հայտարարությանը, որ առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու հայ - ադրբեջանական բանակցությունների համար, և հարցին՝ կարելի՞ է ասել, որ Բաքվի «ոչ»-ը, մերժումը փակեց հնարավորությունների այս պատուհանը Մայքլ Քարփենթերը պատասանել է․ «Ոչ։ Ես չէի ասի, որ այս պահին որևէ պատուհան փակ է։ Ես ֆիքսված ժամանակացույց չէի դնի բանակցային գործընթացի համար։ Ես դա չէի անի նաև վեց ամիս կամ մեկ տարի առաջ: Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլոր կողմերը կրկնապատկեն իրենց ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար, քանի որ դա, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը, մեզ համար չափազանց կարևոր է: Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել դա անել»։

Հարցին՝ Ադրբեջանը չգնաց Վաշինգտոն, բոյկոտում է նաև Բրյուսելի հարթակը, մտավախություն չկա՞, որ Արևմուտքը կկորցնի առաջնորդությունը, հատկապես որ Ռուսաստանը հետևողական փորձում է Մոսկվայում հանդիպում կազմակերպել, Մայքլ Քարփենթերն ասել է․ «Կողմերը կօգտվեն այն ուղիներից, որոնք հնարավորություն կտան առաջընթաց գրանցել բանակցություններում։ Իհարկե, ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգները։ Կարծում եմ, որ մենք շատ հետևողական և սկզբունքային ջանքեր գործադրեցինք՝ այս գործի համար մեր լավ հաստատություններն առաջարկելով: Անշուշտ, պետքարտուղար Բլինքենն իր շատ ժամանակ, ջանք ու ռեսուրսներ է հատկացրել բանակցություններին աջակցելու և կարգավորման այս համաձայնագիրն առաջ մղելու համար: Այնպես որ, մենք կշարունակենք առաջարկել այդ լավ հաստատությունները։ Եվ դարձյալ, ի վերջո, կողմերից է կախված, թե որ գործընթացն է առավել նպաստավոր իրենց շահերին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular