ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կստեղծվի ոստիկանության գվարդիա՝ նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերը: Նշվում է, որ ներկայում ոստիկանության զորքերի խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքներն առավելապես կանոնակարգված են «Ոստիկանության զորքերի մասին» օրենքով։

«Պաշտպանության մասին» օրենքը ոստիկանության զորքերը դասում է «այլ զորքերի» թվին, ինչի ուժով՝ դրա ղեկավարման և կառավարման գործառույթները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով իրականացնում է ներքին գործերի նախարարությունը, իսկ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ զորքերն անցնում են ԶՈւ-ի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո։ Այլ զորքերի մեջ ներառվելու հետևանքով ոստիկանության զորքերի վրա տարածվում են նաև Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի և ԶՈւ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթները։

Այսպիսով, ինչպես ոստիկանության զորքերը, այնպես էլ դրանց ծառայողներն ունեն երկակի կարգավիճակ, այս ծառայությանը բնորոշ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգության գործառույթների զուգակցումը, ինչը չի բխում ոստիկանության ընդհանուր խնդիրներից։ «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքը սահմանելու է ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը, կառուցվածքը, ոստիկանության գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ՝ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և այլն։

Օրենքի մակարդակով կնախատեսվեն այն հատուկ միջոցները, որոնք լիազորված են լինելու կիրառել ոստիկանության գվարդիայի ծառայողները օրենքով վերապահված խնդիրների և գործառույթների ապահովման շրջանակներում: Ոստիկանության գվարդիան լինելու է ՀՀ ոստիկանության կառուցվածքային միավոր՝ իր տարածքային և ոլորտային ստորաբաժանումներով և այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական հասկացության մեջ։ Նոր օրենքով ոստիկանության գվարդիային կվերապահվեն երկրի պաշտպանության ոլորտի այնպիսի գործառույթներ, որոնք բխում են ոստիկանության խնդիրներից և արդյունավետ կերպով կարող են իրականացվել նոր ձևավորվող ծառայության կողմից: Նախագծի ընդունմամբ նաև պետբյուջեում կառաջանան ծախսեր, որոնք ճշգրտման փուլում են։

Այսպիսով՝ կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular