ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձր ճիչով ծնվեց, բժշկուհին էլ ասաց՝ ամեն ինչ լավ է, մամա. պատմում է մահացած նորածնի մայրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հունիսի 4-ին մահացած նորածնի ծնողները համոզված են, որ մանկաբույժի անփութության հետեւանքով է իրենց երեխան մահացել:

NEWS.am-ի թղթակցի հետ երեխայի մայրը՝ Լուսինե Խշոյանը, պատմեց, որ ինքն «Արմենիա» ԲԿ է դիմել հունիսի 2-ին, երբ պարզվել է, որ պտղի մոտ թթվածնի քաղց կա, իսկ Էջմիածնի պոլիկլինիկայի բժիշկներն էլ խորհուրդ էին տվել դիմել երեւանյան հիվանդանոցներից մեկը՝ բարդություններից խուսափելու համար:

«Հունիսի 1-ին հերթական դոպլերի օրն էր, Էջմիածնում տեսան, որ թթվածնի քաղց կա պտղի մոտ, այդ օրը պառկեցրին հիվանդանոց, իսկ հաջորդ օրն էլ խորհուրդ տվեցին Երեւան գնալ, որ որեւէ բարդություն չլինի: Ես էլ առաջնեկիս «Արմենիա» ԲԿ-ում էի ունեցել, որոշեցինք հենց այնտեղ գնալ»,- պատմում է Լուսինեն:

Հունիսի 2-ին Լուսինեն ամուսնու հետ գնացել են «Արմենիա» բժշկական կենտրոն, հանդիպել գլխավոր բժշկի՝ Ռազմիկ Աբրահամյանի հետ, որն էլ վստահեցրել է՝ ամեն ինչ լավ է լինելու. «Ժամը 16:00-ից ծնարանում եմ եղել, ասացին, որ պորտալարը փաթաթված է, ես անընդհատ խնդրում էի կեսարյան անել, բայց չէին համաձայնվում: Հաջորդ օրն արդեն ներարկում են կատարել՝ ծնունդն արհեստական խթանելու համար: Բալիկս ծնվել է ժամը 20:30-ի սահմաններում: Բժշկուհուն՝ Նունե Նորայրովնան, ասաց, որ ամեն ինչ լավ է, հանգստացիր, մամա: Ծնվելուց հետո երեխաս բարձր ճչաց, մոտ 20 րոպե ինձ մոտ են թողել, հետո էլ տարան արդեն, բժշկուհին էլ ասաց, որ ամեն ինչ նորմալ է, պտղաջրերս էլ մաքուր»:

Այդ օրը երեկոյան Լուսինեն ու ամուսինը գնացել են Վերակենդանացման բաժանմունք, որտեղ տեղափոխել էին փոքրիկին, քանի որ ծնվել էր 34 շաբաթականում եւ անհրաժեշտ էր միացնել թթվածնային ապարատին: Մանկաբույժը՝ Գայանե Աղասովնան, ծնողներին վստահեցրել է, որ փոքրիկի հետ ամեն ինչ նորմալ է, խնդրել է հաջորդ օրն առավոտյան արդեն անհրաժեշտ պարագաները բերել. «Ամուսինը գնաց տուն, ես էլ գնացի հիվանդասենյակ: Երկուսս էլ հանգիստ էինք, որ երեխայի հետ ամեն ինչ լավ է, մենք տեսանք փոքրիկին, միայն թթվածնի ապարատն էր միացված»:

Հունիսի 4-ին առավոտյան Լուսինե Խշոյանին Նունե Նորայրովնան հայտնել է, որ երեխայի մոտ բարդություններ են առաջացել, իսկ հետո արդեն Գայանե Աղասովնան խնդրել է բերել պլազմա: Ժամեր անց ծնողներին ասել են, որ փոքրիկը մահացել է: Թե ինչու է մահացել, ծնողների համար մինչեւ հիմա անհասկանալի է:

«Սկզբում ասացին, որ սրտի արատ ունի, հետո թե ուղեղի հետ կապված խնդիր կա, ավելի ուշ էլ՝ գրիպ ես տարել, դրանից է: Երբ հերձման պատասխանը ստացանք, պարզվեց՝ երեխան ոչ մի արատ էլ չի ունեցել... մենք կարծում ենք՝ մանկաբույժի անփութության հետեւանք է, ճիշտ ժամանակին չի ախտորոշել խնդիրը, ավելին ոչ մի հետազոտություն չի արել՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր ունի երեխան: Բարձր ճիչով ծնված երեխան ո՞նց կարող է մահանալ»,- ասում է երեխայի մայրը:

Լուսինե Խշոյանի խոսքով՝ հղիության ընթացքում ինքը որեւէ խնդիր չի ունեցել, բոլոր հեազոտությունները ժամանակին անցել է, ավելին հետազոտվել է նաեւ Երեւանում, որ հանգիստ լինի՝ առողջ փոքրիկ է ունենալու: Հղիությունը վարած բժշկուհին էլ է մծտապես վստահեցրել, որ առողջ երեխա է ծնվելու:

«Հիմա էլ ասում են՝ ներարգանդային ինֆեկցիա, բայց մենք այս տարբերակն էլ ենք բացառում, քանի որ այդ դեպքում պտղաջրերի հետ կապված խնդիր կունենայի, մինչդեռ ծննդաբերությունից հետո Նունե Նորայրովնան ասաց, որ պտղաջրերը մաքուր են, ոչ մի խնդիր չկա»,- ասում է 32-ամյա Լուսինեն:

Ամուսիններն արդեն ոստիկանություն են դիմել, նաեւ վճարովի բիոքիմիական փորձաքննություն նշանակել՝ պարզելու նորածնի մահվան պատճառները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular