Միայն բոցաշունչ ելույթներ. քննիչ հանձնաժողովը ոչ մի բացահայտում չի արել. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը, թերեւս, իր ուրույն տեղն է զբաղեցնում խորհրդարանական մյուս անօգուտ ու ձեւական բնույթ կրող հանձնաժողովների շարքում:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր 2022թ.-ի փետրվարի 10-ին՝ ՔՊ-ի նախաձեռնությամբ: Թերեւս հանձնաժողովը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, սակայն մինչ օրս, բացի Անդրանիկ Քոչարյանի բոցաշունչ ու աղմկահարույց հայտարարություններից, ելույթներից, նրա ղեկավարած հանձնաժողովը ոչ մի ուշագրավ բացահայտում չի արել:
Ընդ որում՝ ուշագրավ է, որ պատերազմի հանգամանքների քննություն իրականացնում են այն իշխանությունները եւ նրա արբանյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք չեն կարող որեւէ դեպքում Նիկոլ Փաշինյանին՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի մեղադրել: Ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով: Այս հանձնաժողովի գործունեությունն արդեն երկու անգամ երկարացվել է՝ 2022թ.-ի հոկտեմբերին 5-ին եւ 2023թ. մայիսի 3-ին. հանձնաժողովի գործունեությունն արդեն երկրորդ անգամ է 6 ամսով երկարաձգվել, այսինքն՝ այն այլեւս չի կարող երկարաձգվել:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն օրերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովն ապօրինի է գործում, քանի որ դրա լիազորությունները օգոստոսի 11-ից ավարտվում են. չնայած սրան՝ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է մինչեւ դեկտեմբեր երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը: Անդրանիկ Քոչարյանը, ի պատասխան Արծվիկ Մինասյանի հայտարարություններին, գրություն-պարզաբանում է ներկայացրել պատգամավորին, թե 2022թ.-ի եւ 2023թ.-ի ամռանը պատգամավորներն արձակուրդում են եղել, ուստի հանձնաժողովի գործունեությունը պետք է երկարացվի մինչեւ դեկտեմբեր, փաստացի՝ արդեն երրորդ անգամ, ինչն օրենքի խախտում է, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրա իրավունքը չունի: Այն, որ այս պահին գործում է այդ հանձնաժողովը, արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բացթողումն է, քանի որ նա օրենքով պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունը ապահովել, սակայն չի կարողանում:
Ի դեպ, այս իշխանությունների օրոք՝ 2019թ.-ին, եւս մեկ հանձնաժողով էր ստեղծվել՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով, որը եւս այդպես էլ ընդամենը ձեւական բնույթ էր կրում եւ իրականում որեւէ բացահայտում չարեց:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում