ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից շատ բան ունենք սովորելու. պետք է միմյանց օգնենք. Չինաստանի դեսպանը՝ Նարեկ Մկրտչյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերի նախարարության պատվիրակությանը՝ նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի գլխավորությամբ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական երկարամյա բարեկամական հարաբերությունների դերն ու այս համատեքստում ընդգծել երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը։

«Մենք արդյունավետ համագործակցություն ունենք Հայաստանում Չինաստանի դեսպանության հետ և իրականացրել ենք համատեղ բազմաթիվ ծրագրեր։ Հուսով ենք, որ Քաղաքացիական հարցերի նախարարության հետ հետագա նախաձեռնությունները ևս շոշափելի արդյունք կունենան»,- նշել է նախարարը։

Ժան Չենգֆուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ  պատվիրակության անդամները տպավորված են Հայաստանով։

«Թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը զարգացող երկրներ են, և պետք է միմյանց օգնենք, որ գտնենք զարգացման ճիշտ ճանապարհը։ Հայաստանից շատ բան ունենք սովորելու և շատ աշխատանքներ միասին անելու»,- նշել է պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ պատրաստակամ են տարբեր ոլորտներում իրականացնել փորձի փոխանակում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացին։ Ժան Չենգֆուն նշել է, որ իրենք պատրաստակամ են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։

Այցի շրջանակում պատվիրակության անդամների մասնակցությամբ նախատեսվում են առանձին քննարկումներ ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցեր՝ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular