ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական գեոպոլիտիկ «պարտիան» է խաղարկվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետևելով երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ զարգացող աշխարհաքաղաքական փոթորիկին՝ պարզ է դառնում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքը բավական էպիկենտրոնային դերում է, քանի որ մեր տարածաշրջանում խաչվող գեոպոլիտիկ հանգույցը գնալով էլ ավելի է առաջնային դառնում։ Հավանաբար հենց դրանով է պայմանավորված, որ վերջին օրերին աշխարհաքաղաքական «սինգնալները» շարունակում են միմյանց հերթ չտալով թակել մեր դուռը։ Հատկանշական է այն, որ տեղի ունեցող այդ փոթորիկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակում է անհողդողդ մնալ իր «խաղաղության» օրակարգին և կուրորեն հավատալ իր արևմտյան տերերին (իր բնորոշմամբ՝ անհոգնել)։

Ինչպես հայտնի է՝ օրերս Բաքուն հրաժարվեց նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում կազմակերպվելիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից՝ հայտարարելով՝ այդ հարթակն այլևս անընդունելի է։ Այնուհանդերձ, սակայն, Վաշինգտոնը շարունակում է հայտարարել, թե պատրաստ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը՝ հասնելու տևական ու ամուր խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։

Ավելին, ԵՄ-ն ևս իր հերթին շարունակում է ակտիվ հայտարարություններ անել թեմայի վերաբերյալ՝ հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ Բաքուն ընդունում է Բրյուսելի միջնորդությունը՝ ի տարբերություն Վաշինգտոնի։ Մասնավորապես, այս առիթով Տոյվո Կլաարը հայտարարել էր, թե հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները, մինչդեռ Բաքուն այդ մասին հավաստիացումներից բացի պետք է նաև քայլեր ձեռնարկի՝ գործով ապացուցելու համար։ Ի դեպ, ընդգծենք, որ Հիքմեթ Հաջիևն իր հերթին ասել է, որ Երևանը պետք է հասկանա, որ խաղաղության հիմքը տարածաշրջանում է, այլ ոչ թե՝ Վաշինգտոնում։ Վերը նշվածին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները ևս բազմաթիվ հայտարարություններ են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով Բրյուսելի և Վաշինգտոնի ջանքերին՝ մերժելով Մոսկվայի միջնորդական նախաձեռնությունները, զուգահեռաբար խոստովանելով, որ ռեգիոնում կա իրավիճակի էսկալացիայի մեծ վտանգ։

Ասել է թե՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացի վերաբերյալ աշխարհաքաղաքական կենտրոնների հայտարարությունների պակաս ամենևին էլ չկա։ Ավելին, նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանը հերթական անգամ պատասխանել է ադրբեջանական կողմի ուղարկած, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» փաթեթի առաջարկներին սեփական առաջարկներով, իսկ նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունենալու հերթական հանդիպումը։

Այս ամենի հետ մեկտեղ վստահաբար կարող ենք արձանագրել, որ Բաքուն ուշագրավ քաղաքականություն է վարում, որը փակում է Վաշինգտոնի դուռը, սակայն բաց է պահում Բրյուսելինը։ Ուստի չի բացառվում, որ Երևանը մինչև վերջ հրաժարվի մոսկովյան բանակցություններից, սակայն, ինչպես տեսնում ենք, Ալիևը պատրաստվում է Փաշինյանից առավելության հասնել նաև արևմտյան հարթակում, հերթական անգամ՝ իր այս հրաժարմամբ բարձրացնելով Ադրբեջանի գինն Արևմուտքի համար։ Բացի դրանից՝ շատ ավելի հավանական է, որ՝ հասկանալով Ադրբեջանի ու Հայաստանի դիրքորոշումների բնույթը, Արևմուտքն ավելի հեշտորեն համաձայնություններ կորզի Հայաստանից ինչ-որ երևակայական խոստումների դիմաց, քան Ադրբեջանից, ինչը նշանակում է, որ չի բացառվում փաստաթուղթ նաև Բրյուսելում, որը կարող է լինել առավելապես Ադրբեջանի պայմաններով։ Ստեղծված իրավիճակում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դա ստանալու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում՝ բոյկոտելով Վաշինգտոնի առաջարկները։ Իր հերթին Արևմուտքը շտապում է, շտապում է նաև Վաշինգտոնը, քանի որ առջևում կան նախագահական ընտրություններ, շատ բան կարող է փոխվել, ուստի գործընթացները կարող են ընթանալ այս ուղղությամբ, հատկապես, երբ Արևմուտքում խոստովանում են, որ որևէ ճնշում չեն բանեցնի Ադրբեջանի նկատմամբ։

Ըստ էության, ադրբեջանական հռետորաբանությունից պարզ է դառնում, որ ստեղծված իրավիճակում Բաքուն պատրաստ է երկու սցենարներին։ Այսինք՝ Բաքուն պատրաստ է բանակցել և՛ Մոսկվայում հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների ֆոնին, և՛ Արևմուտքում։ Տվյալ դեպքում փաստն այն է, որ Բաքուն Վաշինգտոնին դուրս է դնում բանակցություններից։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular