ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է պասիվացել Արայիկ Հարությունյանը. նա երկար ժամանակ անհետացել էր. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին բնորոշ ակտիվությունը, կարծես թե, նվազել է: Նախ՝ պարոն Հարությունյանը կորավ քաղաքական հորիզոնից, ապա նույնիսկ ներկա չգտնվեց «Բյուջե-2024»-ի քննարկմանը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արայիկ Հարությունյանը գտնվում է արձակուրդում:

Մամուլում սկսեցին տեղեկություններ պտտվել այն մասին, որ Հարությունյանը մեկնել է Միացյալ Նահանգներ: Աշխատակազմի ղեկավարը վերադարձավ արձակուրդից, սակայն նրա ներկայությունը այդպես էլ չզգացվեց. շատերը վստահաբար նաեւ մոռացել էին նրա մասին՝ կենտրոնանալով քաղաքական այլ կերպարների վրա, որոնք այդ պահի դրությամբ փաստացի ավելի ակտիվ գործունեություն են ցուցաբերում, քան երբեմնի ակտիվ ՔՊ-ական Հարությունյանը: Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բացումը, որին, բացի բռնցքամարտի ֆեդերացիայի տեղական ու միջազգային ներկայացուցիչներից, ներկա էին ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչը տրամաբանական է:

Ներկա էր նաեւ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ Կարեն Գիլոյանը. սա եւս օրինաչափ է: Թերեւս այսքանը: 2022 թվականից ի վեր սպորտային եւ, առհասարակ, կարեւոր միջոցառումների «գլխին կանգնած» Արայիկ Հարությունյանը բացակայում էր: Նշենք, որ 2022 թվականի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը (EUBC 2022), ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը (EWC 2023), բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը (EUBC 2023) եւ մի շարք այլ կարեւոր նախագծերի իրականացում վստահված է եղել Արայիկ Հարությունյանին, որն էլ լավ թե վատ միջոցներով ու ձեւերով, սակայն, ի վերջո, հավուր պատշաճի կարողացել էր կազմակերպել այնպես, որ գլխիկոր չհեռանան Հայաստան եկած հյուրերը:

Այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմկոմիտեի ղեկավարը միշտ եղել է Հարությունյանը: Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, սակայն, հեղափոխիչ էր. այս անգամ, կարծես թե, կազմկոմիտեի ղեկավարը Ժաննա Անդրեասյանն է: Դասագրքերի տապալված տպագրությամբ ու համալսարանների անվտանգային համակարգերի անտեղյակությամբ հայտնի նախարարն այսօր միջազգային միջոցառման կազմակերպիչ է: Իսկ ինչո՞ւ է ամեն բան այսպես դասավորվել՝ դեռեւս հայտնի չէ:

Հավելենք, որ երկար դադարից հետո ՀՀ կառավարության պաշտոնական էջում միայն նոյեմբերի 23-ին հայտնվեց աշխատակազմի ղեկավարը, այն էլ՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Հարավային Կովկասի համագործակցության տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բոենի Սլաթսի ղեկավարած պատվիրակությանը ընդունելիս եւ բավականին հյուծված տեսքով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular