Խաղն ավարտվում է․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը վաղը կհյուրընկալի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ Ուրբաթ օրը Քոչարյանն ասաց, որ Բաբայանն է հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն հայտնել։ Հանձնաժողովի ձեւավորումից հետո Սամվել Բաբայանը, որպես անկախ խորհրդատու, պետք է մասնակցեր աշխատանքներին: Սկզբում նա համաձայնել էր, կարճ ժամանակ հետո հրաժարվել՝ բացատրելով. «Կան խաղի կանոններ։ Եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում։ Եթե ինչ-որ մեկի անուն ունեն խայտառակելու, ինձ` չունեն»։
Հանձնաժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Բաբայանը, ամենայն հավանականությամբ, վերջին «հարցաքննվողն» է լինելու, լավագույն դեպքում կլինի եւս մեկը՝ ՊԲ Հադրութի դիվիզիայի հրամանատարը։ Դեկտեմբերի 3-ին հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում են: Ուշագրավ է, սակայն, որ հանձնաժողովն այդպես էլ չհյուրընկալեց պատերազմի առանցքային պաշտոնյաներին, օրինակ` ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանին: Փոխարենն անցած շաբաթ լսեցին Սամվել Շահրամանյանին` նրան տալով հիմնականում պատերազմին չառնչվող հարցեր:
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։