«Ալիկին մենակ չթողնեք, մինչև հետ գամ...». դիպուկահար Արսեն Հախվերդյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արսենս խելոք, ընկերասեր, կյանքը սիրող երեխա էր: Բնավորությամբ հանգիստ էր, հավասարակշռված, բայց նաև աշխույժ, կյանքը շատ էր սիրում: Ոչ մեկին չէր նեղացնի, չէր վիրավորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Արսենի մայրիկը:
Դպրոցում Արսենը լավ է սովորել, այդ տարիներին զուգահեռաբար հաճախել է նաև երաժշտական դպրոց՝ դուդուկի բաժին: «Հինգ տարի երաժշտական դպրոց է հաճախել: Ցանկություն հայտնեց, մենք էլ չմերժեցինք: Սիրում էր իր դպրոցն ու դասարանը, իր ուսուցիչներին, մեծ շրջապատ ուներ: Բոլոր առարկաներն էլ շատ սիրել ու սովորել է, որևէ մեկը չի առանձնացրել, տարբերություն չի դրել»,-նշում է զրուցակիցս:
12-ամյա դպրոցն ավարտելուց հետո Արսենն ընդունվում է Իջևանի Եվրոպական համալսարանի իրավագիտության բաժին, տարկետում ստանում և մեկնում պարտադիր զինվորական ծառայության: «Իրեն առաջարկեցինք՝ գուցե երաժշտության՝ դուդուկի ուղղությամբ շարունակես կրթությունդ: Ասաց՝ չեմ ուզում: Որոշեց ընդունվել, հետո մեկնել ծառայության»: 2019 թ.-ի հուլիսի 15-ին Արսենը զորակոչվում է բանակ: Ուղղությունը Արցախի Հանրապետություն էր, առաջին պաշտպանական շրջան՝ Հադրութ: Արսենն արդեն մեկ տարվա ծառայող էր, երբ բանակ զորակոչվեց նրա կրտսեր եղբայրը՝ Ալիկը: Նա էլ կամավորության սկզբունքով ընտրեց Հադրութը, որ եղբոր հետ նույն տեղում ծառայեն: Մայրիկն ասում է՝ Արսենը շատ լավ էր ծառայում, իսկ զորամասում ընկերներն իրեն «Դիլիջ» էին կոչում՝ Դիլիջան քաղաքը նկատի ունենալով:
«Այնքան գերազանց էր ծառայում, որ իր ուսման վարձը կիսով չափ էինք վճարում: Շատ ուրախ մեկնել է ծառայության, ոչ մի բանից չի դժգոհել, անգամ վատառողջ է եղել, բայց մեզ ոչ մի բան չի ասել ու շարունակել է ծառայությունը: Յոթ ամսվա ծառայող է եղել, իրեն ուղարկել են Արմավիր սերժանտական կուրսերի: Կուրսերն անցնելուց հետո վերադարձել է Հադրութ: Արսենը դիպուկահար էր»: Արսենի եղբայրը կարանտինի պատճառով սկզբում եղել է Մարտունի 2-ում, հետո տեղափոխվել Հադրութ: Տիկին Անահիտի խոսքով, երկու եղբայր իրար 15 օր են տեսել, իսկ դրանից հետո պատերազմ է սկսվել: Պատերազմի սկսվելուց մի երկու օր առաջ են խոսել Արսենն ու մայրիկը: Իրեր էին ուղարկել Արսենին, վերցրել էր, զանգահարել ու տեղյակ պահել ընտանիքին, որ ստացել է ու փոխանցել եղբորը:
«Արսենն ասաց, որ սեպտեմբերի 25-ին հնարավոր է չկարողանա զանգել, դիրքեր են բարձրանում: Սեպտեմբերի 26-ի առավոտյան շուտ իրենց դիրքեր են հանել: Նա արդեն իմացել է, որ պատերազմի վտանգ կա, բայց եղբորը չի ասել, ուղղակի հաջող է արել Ալիկին ու մեկնել: Ալիկը սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգեց՝ ապերը տեղ է հասել, չանհանգստանաք: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արսենը զանգեց՝ «մա՛մ, ապերը զանգե՞լ է», պատասխանեցի՝ հա, երեկոյան ենք խոսել: Զարմացա, թե ինչի է ինձ նման հարց տալիս: Չասաց, որ արդեն կռվում են: Մինչև վերջին պահն էլ կոնկրետ ոչինչ չասաց՝ ապահով է, չմտածեք: Սեպտեմբերի 27-ին Ալիկին էլ են դիրքեր բարձրացրել, երկու եղբայր իրար կողքի են եղել, բայց չեն իմացել»: Արսենի պատերազմը յոթ օր է տևել, Ալիկը մեկ ամիս պատերազմի մեջ է եղել: Արսենը պատերազմի մի քանի օրվա ընթացքում հասցրել է լինել Ջրականում, Մարտունիում, իսկ վիրավորումը ստացել է Վարանդայի (Ֆիզուլի) դիրքերում: Արսենը զոհվել է հոկտեմբերի 5-ին:
«Սեպտեմբերի 27-ին, 30-ին զանգել է մեզ, բայց պատերազմի մասին ոչ մի բառ չէր խոսում: Հոկտեմբերի 2-ին էլ զանգահարեց, ասաց՝ լավ եմ, չանհանգստանաք, ու զանգն անջատվեց: Մինչև հոկտեմբերի 16-ը մենք փնտրել ենք իրեն: Իր վիրավորումը շատ խոր չի եղել: Դիրքում հերթափոխ է եղել, թշնամին հարվածել է, հանկարծակիի են եկել: Իրենց ընկերոջ մահը տեսել են, ինքն էլ վիրավորվել է: Արսենս իր ոտքով նստել է շտապօգնության մեքենան: Մի փոքրիկ վիրավորում է եղել թոքի հատվածում: Գիտակցությունը տեղն է եղել, խոսելով նստել է մեքենան, ասել՝ Ալիկին մենակ չթողնեք, մինչև հետ գամ…»: Մայրիկն ասում է՝ այդ մի քանի օրվա ընթացքում ամենուր փնտրել են իրենց Արսենին, հիվանդանոց չէր մնացել, որտեղ գնացած կամ զանգած չլինեին, հայրիկը հասել է Գորիս, ավելի առաջ գնալ թույլ չեն տվել: Իսկ Արսենը եղել է Արմավիրում: Երբ հարցնում եմ, թե ինչն է ուժ տալիս Արսենից հետո, մայրիկն արձագանքում է՝ Ալիկը, որ վերադարձավ պատերազմի դաշտից: Նա հիմա սովորում է Երևանի պետական համալսարանի ֆինանսների բաժնում: «Այնքան դժվարություններ է տեսել: Երանի այս ցավը որևէ մեկը տեսած չլիներ...»:
Հ. Գ. - Արսեն Հախվերդյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Հաղարծին գյուղի գերեզմանատանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում