300 000 դրամը ետ ստանալու համար առևանգել և սպանության սպառնալիք է հնչեցրել պարտապանի խնամուն
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են ինքնիրավչության, հոգեկան ներգործության, մարդուն առևանգելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Քննությամբ հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ու.-ն Խաչփար գյուղի բնակչից գնել է «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենա, որի համար արժեքի մի մասը վճարել է, իսկ մյուս մասը՝ 300 000 դրամի չափով, մնացել է պարտք:
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 32-ամյա բնակիչ Ա.Հ.-ն, տեղեկանալով, որ Ա.Ու.-ն գումարը չի տալիս, որոշել է իր ընկեր, Էջմիածին քաղաքի 34-ամյա բնակչի՝ Ա.Ա.-ի հետ, խմբի կազմում, Ա.Ու.-ից 300.000 դրամ պարտք գումարը վերադարձնել ստիպելու նպատակով, վերջինիս հետ խնամիական կապերի մեջ գտնվող Ա.Չ.-ին առևանգել:
Այդ նպատակով, 2022թ. հունիսի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ա.Հ.-ն և Ա.Ա.-ն, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցից, գումարային հարցերը պարզաբանելու համար նստել են Ա.Չ.-ի կողմից վարվող «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենան։ Ապա Ա.Հ.-ն, Ա․Չ․-ի կամքին հակառակ, կացնի ցուցադրմամբ վերջինիս դիմադրությունը ճնշելով, սպանության սպառնալիքներ տալով, ստիպել են ավտոմեքենան վարել Էջմիածին քաղաքի Չոբանքարա կոչվող տարածքում գտնվող առանձնատուն, վերցրել ավտոմեքենայի բանալիները և բջջային հեռախոսը, նրան զրկել փախուստի դիմելու հնարավորություններից։ Դրանից հետո, խնամու՝ Ա.Ու.-ի գտնվելու վայրը պարզելու նպատակով, Ա.Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ա.Չ.-ի մարմնի տարբեր մասերին:
Շարունակելով հանցավոր գործողությունները՝ Ա.Հ.-ն իր ընկեր Ա.Ա.-ի հետ, Ա․Ու․-ին պարտքը վերադարձնել ստիպելու համար, վերջինիս կողմից վերանորոգվող և նրա տան բակում կայանված՝ սեփականության իրավունքով այլ անձի պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, առանց սեփականատիրոջ կամքը հաշվի առնելու, նրան տեղյակ պահելու, 2022թ․ հունիսի 17-ին, իրենց հայեցողությամբ, ավտոքարշակով տեղափոխել են Արմավիրի մարզի Առատաշեն համայնք՝ կատարելով ինքնիրավչություն և ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառելով գույքային վնաս:
Բացի այդ՝ Ա.Հ.-ն քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և դեպքի օրն իր պայուսակում ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության, «Մ-75» տեսակի մարտական բեկորային նռնակ՝ իր պայթուցիչով, որը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին), 322-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասին), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) և 137-րդ հոդվածի 1-ին մասով ( համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասին), իսկ Ա.Ա.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 118-րդ հոդվածով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասին):
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: