ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին «ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու կերպով հայտարարել էր, թե հունվարի 1-3-ը կլինեն «տոնական», այսինքն՝ ոչ աշխատանքային օրեր, իսկ հունվարի 4-ն արդեն կլինի աշխատանքային: Միջազգային բորսաներում այդ հայտարարությունը արժեթղթերի տատանումների չի հանգեցրել, իհարկե, սակայն պաշտոնական աշխատանքային օրացույցում ինչ-որ շփոթ, այնուամենայնիվ, առաջացել է: Բանն այն է, որ այս հայտարարությունը «շրջանցում» էր օրենքը, և շատերն էին զարմացել, թե այդ ինչ հաշվարկ է արել Փաշինյանը: Պարզվեց՝ ոչ մի հաշվարկ էլ չկա:

Կառավարությունից լրացուցիչ պարզաբանել են, որ՝ չէ, հունվարի 1-2-ն են ոչ աշխատանքային, իսկ 3-ն արդեն աշխատանքային օր է, իսկ Նիկոլ Փաշինյանը շփոթմամբ էր հիշատակել հունվարի 4-ը: Շփոթմամբ, հասկանո՞ւմ եք: Լսեք, իսկ միգուցե նաև շփոթմա՞մբ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Գուցե շփոթմա՞մբ էր հայտարարել՝ «անջատում՝ հանուն փրկության»: Իսկ հնարավո՞ր է, որ շփոթմամբ է «խաղաղության պայմանագիր» կնքում Ադրբեջանի հետ, այլ կերպ ասած՝ Հայաստանը տանում կործանման ու պետականազրկման: Է՞լ ինչեր է «շփոթմամբ» արել... Ի՞նչ հեշտ է, չէ՞, ասել շփոթվել եմ, կներեք, բայց որ ավելի վատ է՝ մի օր էլ պարզապես կասեն՝ սխալվել ենք, կներեք: Ու... կանցնիկգնա:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ պսևդո-տեսություն է ստեղծել այդ նպատակով ու այն անվանել է... «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Նա մասնավորապես ասում էր. «Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի»:

Հասկանում եք, չէ՞... Ու, գիտե՞ք, սա նա ասել է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ կործանարար պատերազմից 9 օր առաջ: Թե նրա ու իր իշխանության «սխալվելու համարձակությունը», «պարտվելու համարձակությունը» ի՜նչ «հաղթանակներ» բերեց, ավելի լավ է՝ չհիշեցնենք: Այ, այսպես, «շփոթվելով», «սխալվելու վճռականությամբ» ու «պարտվելու համարձակությամբ» էլ երկիր են կառավարում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular