ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ իշխանություններն անընդհատ դիվերսիֆիկացիայի մասին են խոսում։ Եվ նրանց կողմից առաջ քաշվող թեզերից մեկն էլ այն է, թե անվտանգային ոլորտում Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելով դիվերսիֆիկացնում են մեր անվտանգությունը։ Թվում է՝ արտառոց ոչինչ չկա, նույնիսկ տրամաբանական է դա: Սակայն հարցն այն է, որ իրականում որևէ խոսք չկա տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին։ Մեր արտահանման ուղին միայն Լարսով է անցնում, իսկ մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ժամանակի ընթացքում ավելի է մեծացել։ Մեր տնտեսության արյունատար անոթները կապված են ռուսական շուկայի հետ։ Ըստ ներկայացվող գնահատականների, հայկական ամբողջ արտահանման կախվածությունը ռուսական շուկայից գերազանցում է 50 %-ը, իսկ ՀՀ-ից պատրաստի արտադրանքի արտահանման ավելի քան 80 %-ի համար իրացման շուկան ևս Ռուսաստանն է։

Մյուս կողմից էլ՝ թերևս ավելորդ է հիշեցնել, թե մեր էներգետիկ մատակարարումների հարցում Ռուսաստանն ինչ հսկայական դերակատարություն ունի։ Բավական է, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազը թանկանա, և այն մեր շուկայում թանկացումների ալիք կբարձրացնի։ Ու հետաքրքիրն այն է, որ այս պայմաններում ՀՀ իշխանությունները Արևմուտքի հետ Հայաստանի քաղաքական փոխգործակցությունը ընդլայնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին, օրինակ՝ ՀԱՊԿ նիստերին չեն մասնակցում, ԱՊՀ գագաթաժողովներին չեն մեկնում և այլն։ Իսկ ի՞նչ է խանգարում, որ ռուսական նախաձեռնություններին մասնակցելու հետ մեկտեղ նաև արևմտյան երկրների հետ հարաբերությունները զարգացնել։ Չէ՞ որ նախկինում տարվող արտաքին քաղաքական փորձը վկայում է, որ հնարավոր է միաժամանակ զարգացնել հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի հետ։ Բայց ՀՀ իշխանությունները որոշել են մտնել ՌԴ-Արևմուտք հակասությունների գոտի, որը շատ վտանգավոր է։ Ու շատ փորձագետներ Ռուսաստանում հայկական բեռների հետ կապված խնդիրների մեջ, երբ «Ռոսսելխոզնադզորը» արձանագրել է ՀՀ-ից բուսական մթերքների մատակարարման խախտումների աճ, նույնիսկ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։

Հարցը լուրջ է, քանի որ Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար, սակայն հայկական բեռներն այդպես էլ չեն կարողանում հատել Ռուսաստանի սահմանը։ Անցակետի երկու կողմում, ընդհանուր առմամբ, տարբեր հաշվարկներով, սպասում է ավելի քան երկու հազար հայկական բեռնատար։ Բայց ռուսական կողմը չի էլ թաքցնում, որ դրանով պատասխանում են ՀՀ իշխանությունների պահվածքին։ Օրինակ՝ քաղաքագետ Դենիս Դենիսովը, Alpha News-ի համար մեկնաբանելով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը Հայաստանից ապրանքների մատակարարման խախտումների առումով, նշել է, թե այն ռուսական կողմի պատժամիջոցային քաղաքականության մաս է, քանզի Ռուսաստանը մտահոգված է, որ ՀՀ քաղաքական վերնախավը երկրի վեկտորն ուղղում է դեպի Արևմուտք։ Ըստ Դենիսովի, Ռուսաստանը Հայաստանի վրա ազդեցության գործիքների բավականին մեծ ներուժ ունի, հատկապես սոցիալ-տնտեսական գործոնների, իսկ ավելի քիչ՝ քաղաքական գործոնների առումով:

Բայց նման պայմաններում գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները, որոնք իրենց առավել քան արևմտամետ են ցույց տալիս ու հաճույքով մեկնում են արևմտյան տարբեր միջոցառումների ու հանդիպումների, չեն հասնում նրան, որ հայկական ապրանքները արտահանվեն նաև արևմտյան երկրներ։ Եթե Արևմուտքն իսկապես անկեղծ է իր ցանկություններում և նպատակ ունի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանն ու հայկական տնտեսության դիվերսիֆիկացիային, ապա ինչո՞ւ է ընդամենը մի որոշ չափի օգնություն տրամադրում ու համարում, թե հարցը լուծված է։ Հայաստանին օգնություն պետք չէ, Հայաստանին անհրաժեշտ են ներդրումներ, արտադրության կազմակերպում և մուտք դեպի նոր շուկաներ, որպեսզի մեր տնտեսությունը դառնա ավելի ճկուն ու մրցակցային։ Բայց ՀՀ իշխանություններն հապշտապ միայն վիզաների ազատականացման հարցն են առաջ մղում, որը, իհարկե, լավ նախաձեռնություն է։ Այնինչ, ոչ մի խոսք չկա այն մասին, որ, օրինակ՝ ԵՄ-ն կարող է հեշտացնել հայկական արտադրանքի մուտքը իր շուկա։

ԵՄ-ն այնպիսի մեծ հնարավորություններ բացող շուկա ունի, որ դա կարող է պայմաններ ստեղծել դուրս գալ Հայաստանի՝ արտահանումը մեկ ուղղությունից կախվածության մեջ դնելու իրավիճակից։ Մյուս կողմից էլ՝ արտահանման համար Լարսին այլընտրանք կստեղծվի, և հայկական ապրանքները Վրաստանով, ապա Սև ծովով կարող են հասնել եվրոպական սպառողին։ Ուշագրավ է, որ 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանը դուրս եկավ ԵՄ-ի կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Բայց դրանից հետո ՀՀ իշխանություններն այդպես էլ բանակցություններ չեն նախաձեռնել ԵՄ-ի կողմից Հայաստանին նոր արտոնություններ տրամադրելու շուրջ։

Թերևս նրանց բովանդակային քայլերն այնքան էլ չեն հետաքրքրում, որքան հարաբերությունների զարգացման ձևական կողմը, երբ կլուսանկարվեն եվրոպացի պաշտոնյաների հետ ու ցույց կտան, թե հարաբերությունները զարգանում են։ Իսկ Հայաստանի ունեցած յուրահատուկ հնարավորություններն այդպես էլ մնում են չիրացված։ Չէ՞ որ ԵԱՏՄ անդամ երկիր լինելով հանդերձ՝ Հայաստանը կարող է զարգացնել փոխգործակցությունը նաև եվրոպական ուղղությամբ և օգտվել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կապող օղակի իր կարգավիճակից։ Այնպես որ, դիվերսիֆիկացիան չի կարող սոսկ քաղաքական լինել, այն առաջին հերթին ու գլխավորապես տնտեսական բաղադրիչ է ենթադրում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular