Մահվան ելքով վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. հարուցվել է քրեական գործ
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում Երևանի ուղղությամբ ընթացող "ԲՄՎ" մակնիշի ավտոմեքենան բախվել է համընթաց ընթացող "SHACMAN" մակնիշի ավտոմեքենային: Ավտովթարի հետևանքով "ԲՄՎ" մակնիշի ավտոմեքենայի հետնամասում նստած 2 ուղևորները տեղում մահացել են, իսկ նույն ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 28-ին Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատատոքսիկոքիմիական, դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: