ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեհափառը ԵԽ պատգամավորին է ներկայացրել ռազմագերիների, բռնահանված արցախցիների խնդիրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին հայանպաստ դիրքորոշումների, ինչպես նաև Եվրախորհրդարանին՝ ի պաշտպանություն արցախահայության արդար իրավունքների կատարված հայտարարությունների և որդեգրված բանաձևերի առնչությամբ։

Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով հայաթափվեց Արցախը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և որդեգրած ագրեսիվ քաղաքականությանը։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ այդ ուղղությամբ կարևորելով միջազգային ատյանների գործուն քայլերի ձեռնարկումը։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Հայաստան իր այցի ընթացքում ի մոտո ծանոթացել է հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը։ Այս առիթով Եվրախորհրդարանի պատգամավորը հավաստիացրեց, որ այսուհետ ևս պիտի շարունակի ջանքեր ներդնել ի նպաստ արցախահայերի իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգային խնդիրների հաղթահարման։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության շուրջ ստեղծված իրադարձություններին։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին խնդրի առնչությամբ կատարած կոչի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular