ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով եւ ինչու է առաջադրել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին առաջադրվել է 2 թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը: Արազին առաջադրել է Հայաստանի գործող չեմպիոն, գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն, Մելիքբեկյանին՝ խորհրդային հայտնի մարզիկ Խորեն Հովհաննիսյանի հիմնադրած «Անի» ՖԱ-ն: Այս ակումբն ընդգրկված էր Հայաստանի Առաջին խմբի 2019-2020թթ. առաջնությունում, ինչը ՀՖՖ-ի կողմից դադարեցվեց` «պայմանավորված խաղերի» պատճառով: Նախատեսված 34 տուրերի փոխարեն կայացավ 30-ը, քանի որ, ըստ ՀՖՖ-ի, մասնակից մի շարք ակումբներ ներքաշված էին պայմանավորված խաղերի մեջ: 

2020թ. հուլիսին ՀՖՖ-ն որոշում կայացրեց որակազրկել առաջնության մասնակից մի քանի ակումբների` «Լոկոմոտիվ», «Արագած», «Մասիս» եւ «Տորպեդո»: Այն ժամանակ շատերը զարմացան, որ այս ցանկում չկար «Անին», որը խմբի ետնապահներից էր` անցկացրած 28 խաղերում բաց էր թողել 108 գնդակ, երբեմն մրցակիցներին պարտվելով 0:12 հաշվով, ինչն արդեն կասկածելի էր: Հատկանշական է, որ հետագայում այս թիմը չի մասնակցել պաշտոնական մրցաշարերի, իսկ օրեր առաջ հայտնի դարձավ, որ հենց այս ակումբն է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը, եւ ամեն ինչ պարզ դարձավ: 

Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ պայմանավորված խաղերի մեջ մեղադրված ակումբների իրական տերերն այսօր էլ ֆուտբոլում են` իրավաբանական այլ անձանց անունների ներքո: Ի դեպ, հայկական ակումբներում պայմանավորված խաղերի մասին խոսակցություններ կային նաեւ նախկինում: Հայաստանի առաջնության Առաջին խմբում գրանցված են թիմեր, որտեղ ընդգրկված են մեծ թվով լեգիոներներ, ինչն ավելի է հեշտացնում ստվերային գործարքները: Ոլորտի մասնագետներից մեկն իր զարմանքը հայտնեց` «հասկանալի» չէ, թե ինչու է ՀՖՖ-ն թույլատրում 1-ին լիգայում լեգիոներների ներգրավումը, չէ՞ որ այն պետք է լինի տեղացի ֆուտբոլիստների դարբնոց, այնպես, ինչպես անում են ֆուտբոլային զարգացած ու զարգացող երկրները: Իսկ Բարձրագույն խմբի կասկածելի խաղերի մասին արդեն խոսում են սոցցանցերում, նույնիսկ ոչ հայկական ռեսուրսներում՝ տեղադրելով տեսանյութեր՝ կասկածելի դրվագներից, եւ նշելով, որ այդ խաղերի վրա կատարվել են աննորմալ չափերի խաղադրույքներ: 

Հիշեցնենք, որ 4 տարի է՝ ՀՖՖ-ն ղեկավարում է Արմեն Մելիքբեկյանը, ում օրոք հայկական տարբեր տարիքային տղամարդկանց ու կանանց հավաքականները գրանցում են մեկը մյուսից խայտառակ արդյունքներ, իսկ ազգային գլխավոր թիմը «Եվրո 2024»-ի որակավորման խմբային փուլում զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը: Բոլորին պարզ է, որ միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող այս կառույցի ղեկավար դառնալու միակ գրավականն իշխանության «դաբրոն» է, իսկ ազգային գաղափարները, երազանքները եւ իրական աշխատանքը երկրորդական են նրանց համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular