ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիվանդագին երևակայության լրատվություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախընտրական շրջանում, որպես կանոն, սրվում են քաղաքական գործիչների քննադատական հռետորաբանությունը, քաղաքական տեքստերը, պոպուլիզմի և դեմագոգիայի դրսևորումները։ Բնականաբար, այս ամենն իր ազդեցությունն է ունենում նաև լրատվամիջոցների և լրատվական ամբողջ դաշտի վրա։ Սկսում են ասպարեզում հայտնվել տարատեսակ կոնսպիրատիվ դավադրություններ բացահայտող, սենսացիաներ պեղող լրատվամիջոցներ, որոնց գործելաոճը՝ պատվիրված կամ պարզապես լսարան հավաքելու համար, հաճախ դուրս է գալիս տրամաբանության և ընդհանրապես ադեկվատության սահմաններից։
Նույն այս տրամաբանությամբ հայաստանյան մեդիաընտանիքի ներկայացուցիչներից մեկը որոշել էր մի նոր դավադրության կծիկ բացել և հղում անելով իր, այսպես ասած, աղբյուրների մտքի ֆանտաստիկ թռիչքին, պարզել էր, որ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից հրաժարականը շաղկապվում էր ՕՐՕ դաշինքի գործունեության հետ։
Ոչ ավել, ոչ պակաս սույն մտքերի հեղինակն իր աղբյուրներին հղում անելով (ի դեպ, ամենայն հավանականությամբ, այդ աղբյուրը նրա սեփական մատն է, և այդ մատից հոտ քաշելով է հոդվածագիրը գալիս նման հետաքրքիր եզրակացությունների)՝ հանգում է այն եզրակացության, թե Աբրահամյանը պլանավորում էր ՕՐՕ դաշինքի գործունեությունը, ընդ որում՝ հետընտրական զարգացումների համար և այլն։ Սակայն այս մտքի ապացուցողականությունը միանգամից հոդվածագիրը հերքում է, քանի որ նշում է, թե Բաբայան Սամվելի ձերբակալությունից հետո, այս «պլանը» չեղարկվեց։ Կարճ ասած, այս ու մի շարք այդօրինակ ջեյմսբոնդյան բացահայտումները ուշադրության չէին արժանանա, եթե չլիներ մի հետաքրքիր միտում։
Ըստ էության, սա առաջին դեպքը չէ, երբ այս կամ այն լրատվամիջոցը, գրեթե բացահայտ երևացող շահագրգռություններով, տեղի-անտեղի փորձում է հիշատակել Հովիկ Աբրահամյանի անունը՝ կապելով նրան ամենաաբսուրդ բաների հետ։ Հետաքրքիր է, որ այս ամենը շարունակվում է Աբրահամյանի հրաժարականից հետո։ Չնայած Հովիկ Աբրահամյանը հրաժարականից հետո նշեց, որ ինչ-որ ձևաչափով կմասնակցի երկրի քաղաքական անցուդարձին, այնուամենայնիվ, Աբրահամյանն այժմ որևէ կերպ չի փորձում քաղաքական ակտիվություն դրսևորել։ Սա թերևս լավագույն կեցվածքն է, որն ընտրել է նախկին վարչապետը։ Սակայն անգամ նման պայմաններում որոշակի շրջանակներ, կարելի է ասել՝ «հետապնդում են» Աբրահամյանին։ Վատ չէր լինի նաև, որ սույն լրատվամիջոցը հոդված արտադրելիս մի թեթև ուսումնասիրություն կատարեր և պարզեր, որ ՕՐՕ դաշինքը ստեղծվել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականից և ՀՀԿ-ից հեռանալուց բավականին հետո, հետևաբար այդ ամբողջ տեղեկատվությունը բացառապես լրատվական դաշտ նետված կուտ է:
Հասկանալի է, որ Աբրահամյանի միայն ստվերը կարող է ոմանց հոգեխանգարմունքի հասցնել, սակայն անգամ դաշտ նետվող ՛՛մուտիլովկան՛՛ գոնե պետք է մի քիչ համ ու հոտ ունենա:
Ամենայն հավանականությամբ, պատճառներից մեկը նաև այն է, որ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ռեյտինգային թեկնածուներից մեկն է Արարատի մարզում, ընդ որում՝ լավ շանսեր ունեցող թեկնածուներից մեկը, քանի որ և՛ որպես Արտաշատի քաղաքապետ, և՛ որպես քաղաքացի, Արգամ Աբրահամյանը մարզում լայն վստահություն է վայելում։ Ի դեպ, այստեղ պետք է շեշտել, որ հենց այս վստահության արդյունքում է, որ Հովիկ Աբրահամյանը, այսպես ասած, չի միջամտում նախընտրական քարոզչությանը։ Թերևս նաև հենց այս պատճառով է, որ Արգամ Աբրահամյանի դեմ սև քարոզչության հեռավոր փաստ անգամ չունենալու պատճառով, որոշակի շրջանակներ փորձում են Հովիկ Աբրահամյանին կապել ամենաաբսուրդ իրողությունների հետ։ Այստեղ, կարծես թե, ամեն ինչ պարզ է. երկար տարիներ Աբրահամյանը երկրի առանցքային դեմքերից մեկն էր և հանկարծ հրաժարական տվեց, ուրեմն կարելի է զոռ տալ երևակայությանը և փորձել Աբրահամյանին ներքաշել այս կամ այն պատմության մեջ։
Սակայն մյուս կողմից պետք է նշել, որ այս գործելաոճը ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ գաղտնիքներն ու դավադրությունների տեսությունները երկար կյանք չեն ունենում։ Թերևս այս տեսանկյունից պետք է նմանատիպ լրատվամիջոցներին, կամ լրատվամիջոցներին սնողներին հորդորել մի փոքր մտածել «թիրախի» ընտրությունից առաջ։ Չնայած, գուցե հենց մտածելու կարողության բացակայության արդյունքում են մարդիկ դիմում հիվանդագին երևակայության օգնությանը։

Տիգրան Դավթյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular