Ինչո՞ւ որոշեցին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնել. Ռուս փորձագետի կարծիք
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը փաստացի մտնում է նոր նախընտրական արշավի մեջ, թեև մինչև դեկտեմբերի 7-ը ոչինչ չէր կանխագուշակում իրադարձությունների նման զարգացումը։ 2016 թվականին հանրապետության Սահմանադրության փոփոխությունների լայնածավալ փաթեթի ընդունումից հետո պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետը հինգից դարձավ յոթ տարի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը հաղթել է 2018 թվականին ընտրություններում, նոր ընտրարշավը նախատեսվում էր յոթ տարի հետո, այսինքն՝ 2025թ.-ին։ Սակայն ընտրությունները տեղի կունենան երկու ամսից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը դեկտեմբերի 7-ին, սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Ո՞րն է այս որոշման պատճառը։
Այս տարի Իլհամ Ալիևը նշեց իր իշխանավարման քսանամյակը։ 2003 թվականի հոկտեմբերին նա ընտրվեց իր առաջին նախագահական ժամկետում և ընկալվեց որպես իր մեծ հոր իրավահաջորդը, որը, չնայած այն հանգամանքին, որ նա անկախ հետխորհրդային Ադրբեջանի սոսկ երրորդ ղեկավարն է, համարվում է այս պետության հիմնադիր հայրը։ Այս ընթացքում շատ ջուր է հոսել։ Ալիև կրտսերը հաղթեց 2008, 2013 և 2018 թվականներին: Ընդ որում, 2009 և 2016 թթ. նա նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որոնք ընդլայնեցին պետության ղեկավարի նրա լիազորությունները: Նախ հանվեցին իշխանավարման թվի սահմանափակումները (նախկինում՝ մինչև 2009 թվականը, անհնար էր երկու անգամից ավելի զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը), իսկ հետո նախագահական ժամկետը հասցվեց յոթ տարվա։
Ընդ որում, Իլհամ Ալիևի նախաամանորյա որոշման մեջ բավականին ռացիոնալ պատճառներ են երևում։ 2023 թվականին նա ավարտեց այն, ինչ իրենից առաջ շատերը (և ինքը՝ երկար ժամանակ) միայն ծրագրել էին։ Խոսքը վերաբերում է նախկին ԼՂԻՄ-ի տարածքի նկատմամբ իրավասության վերականգնմանը։ Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց։ Այսօր բազմաթիվ ադրբեջանցիների, հասարակ մարդկանց, ընդդիմադիրների և նույնիսկ ապաքաղաքական մարդկանց գիտակցության մեջ այս հանգամանքը գերիշխում է տնտեսական խնդիրներին, սոցիալական անկարգություններին, կոռուպցիային և շատ այլ բաների։ «Հողերի հավաքումն» ավարտված է։ Եվ հենց այս կարգավիճակով է Ալիևը ցանկանում նոր ժամկետի գնալ։ Ու թեև Ադրբեջանում ընտրությունները չունեն այն ինտրիգները, ինչ հարևան Վրաստանում կամ Հայաստանում, սակայն դրանք նույնպես պետք չէ թերագնահատել։ Իշխանություններն իրենց լեգիտիմությունը կառուցում են նաև այս ընթացակարգերի միջոցով, անգամ եթե արտաքին դիտորդները դրանք չեն համարում անբավարար թափանցիկ և ժողովրդավարական։ Հաջողակ «հող հավաքողի» և բազմամյա թշնամուն հաղթողի դերում ընտրվելով՝ Ալիևն ամրապնդում է իր իշխանությունը։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նույնիսկ նրա քննադատներն այսօր չեն հերքում Ադրբեջանի նախագահի հաջողությունը։ Ի տարբերություն 2020-ի, երբ Ալիևի հակառակորդները կշտամբում էին նրան թերի հաղթանակի և ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակների իրողություններին վերադառնալու համար»,- գրել է քաղաքագետը