ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հանցավոր գործելակերպի «պարզաջրումը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմից սկսած Ադրբեջանն ահռելի քանակությամբ պատերազմական հանցագործություններ է իրագործել՝ սպիտակ ֆոսֆորի կիրառումից, գերիներին խոշտանգելուց, սպանելուց սկսած ու խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հիվանդանոցները ռմբակոծելուց վերջացրած։ Դեռ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանը դարձել է ահաբեկչությունը հովանավորող պետություն։ Պատահական չէ, որ պատերազմի ժամանակ Սիրիայից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների խմբեր բերվեցին, որպեսզի մասնակցություն ունենային Արցախի դեմ ագրեսիային։Իսկ ամիսներ շարունակ Արցախի անմարդկային շրջափակումն ու դրան հետևած նոր ագրեսիան արցախահայությանը ոչնչացնելուն միտված Ադրբեջանի հանցագործ էության գագաթնակետն էր, ինչի արդյունքում 21-րդ դարի պայմաններում ականատես եղանք ցեղասպանության հերթական դրսևորմանը։ Եվ բազմաթիվ մասնագետներ տեղի ունեցածը բնորոշում են որպես ցեղասպանություն։

Եթե մի այլ երկիր նման գործողություններ ձեռնարկեր, հիմա միջազգային կոալիցիա էր ձևավորվել այդ պետության ցեղասպան բռնապետին տապալելու նպատակով։ Օրինակ՝ տարիներ առաջ ականատես եղանք, թե ինչ տեղի ունեցավ Սադամ Հուսեյնի հետ, կամ ինչ գործողություններ ձեռնարկվեցին Իսլամական պետություն կոչվող ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու նպատակով։ Բայց հետաքրքիրն այն է, որ Իսլամական պետության արժեհամակարգի արժանի հետևորդ ալիևյան վարչակարգին միջազգային հանրությունը մեծապես խնայում է, ու եթե որոշ ճնշում էլ կա Արևմուտքի կողմից, ապա դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից հանցագործություններ է իրագործել, այլ այն հանգամանքով, որ չի մեկնում Արևմուտքի միջնորդությամբ և նախաձեռնությամբ բանակցություններին մասնակցելու և խոչընդոտում է խաղաղության պայմանագրի կնքմանը։

Այդպես, օրինակ՝ ադրբեջանական կողմը հրաժարվեց մասնակցել Գրանադայում, Բրյուսելում և Վաշինգտոնում նախատեսվող բանակցություններին, ինչից հետո միայն հետևեցին Արևմուտքի կողմից որոշակի կոշտ քայլեր։ Բայց, օրինակ՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մասով Արևմուտքը նման քայլերի չգնաց, ավելին՝ կարևորվեց Ադրբեջանի դերակատարությունը էներգակիրների արտահանման ոլորտում։

Մյուս կողմից էլ, երբ Ալիևը նոր գերիներ է վերցնում, այդ թվում՝ Արցախի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, միջազգային հանրության կողմից ոչ մի ձայն չի հնչում այս կապակցությամբ, սակայն երբ Ադրբեջանի նախագահը պատերազմից երեք տարի անց միայն երեք տասնյակ գերիների է հանձնում, այն էլ՝ նրանց խոշտանգելուց հետո, միանգամից ողջունում են տարբեր մայրաքաղաքներից։

Ու հետաքրքիրն այն է, որ Հայաստանից ևս չեն հնչում այն հայտարարությունները, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի հանցավոր գործելակերպն ի ցույց դնելու համար։ Փոխարենը ՀՀ իշխանություններն ավելի են լեգիտիմացնում Ադրբեջանի՝ միջազգային հանրության համար ընկալելի դառնալու ջանքերը։

Մյուս անհանգստացնող իրողությունն այն է, որ նվաստացուցիչ պայմաններ պարտադրելով Հայաստանին՝ Ալիևը ցանկանում է ականներ դնել հաշտության պայմանագրի տակ։ Դրա համար էլ պարբերաբար խոսում է ռևանշիզմից կամ հայտարարում է, թե իրեն երաշխիքներ են պետք, որ Հայաստանը ռևանշիստական քայլեր չի անի։ Հաշտության պայմանագրում նման կետի ամրագրմամբ Ալիևը կարող է հասնել նրան, որ հետագայում հայտարարի, թե Հայաստանը խախտել է պայմանագիրը, քանի որ երկրում գլուխ է բարձրացնում ռևանշիզմը, ու, ըստ այդմ, ռազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ։

Իսկ Հայաստանում ցանկացած իրադարձություն կարող է Ադրբեջանի կողմից բնորոշվել որպես ռևանշիզմ։ Բայց ամենացավալին այն է, որ ՀՀ իշխանությունները միայն Ալիևի ցանկությունները կատարելով են զբաղված, քանի որ իրենց բոլոր ջանքերն ուղղում են նրան, որ հասարակության շրջանում ընդունելի դառնան ադրբեջանական թեզերը ու Արցախի էջը լիովին փակվի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular