Եթե ՀՖՖ նախագահը վերընտրվի, հարյուրավոր երեխաների ապագան հարցականի տակ է լինելու. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտարարեց. «Եթե փոփոխություն չլինի, եւ ղեկավարությունում մնա Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկ»-ը չի մասնակցի Հայաստանի առաջնությանը, եւ ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում։ Եթե Մելիքբեկյանը վերընտրվի, «Փյունիկ»-ի ոչ մի թիմ չի հայտավորվի հաջորդ մրցաշրջանի մրցումներին»։
Նշենք, որ «Փյունիկ»-ն այն ֆուտբոլային ակումբն է, որը հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն խմբում։ Այն Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 15 անգամ դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ՝ Հայաստանի գավաթակիր, եւ 9 անգամ էլ՝ սուպերգավաթակիր։ Բացի սա, «Փյունիկ»-ը համարվում է առաջնային ներդրողներից մեկը Հայաստանում: Ստացվում է հետեւյալ պատկերը. իշխանության հովանավորությունը վայելող ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնին եւս մեկ անգամ վերարտադրվելու պարագայում հարյուրավոր աշխատատեղեր են կրճատվելու, շուրջ 1700 երեխա միայն մայրաքաղաքում մնալու է առանց ֆուտբոլային ակումբի, որտեղ մարզվում են ու հետագայում կարող են որակյալ ֆուտբոլիստներ դառնալ։ Սրանից կարելի է ենթադրել, որ Մելիքբեկյանի հեռակա նպատակներից մեկն այս պարագայում հայկական ֆուտբոլի ոչ միայն ներկան, նաեւ ապագան հարցականի տակ դնելն է: Հարցի ցավոտ կողմերից մյուսը գործազրկությունն է. հարյուրավոր մարդիկ աշխատում են ֆուտբոլային ակումբում, եւ ակումբի փակվելը բերելու է նաեւ զանգվածային գործազրկության:
Առաջանում է հարց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները տարբեր ամբիոններից բարձրագոչ հայտարարություններ են անում քաղաքացու դերի, իրավունքների պաշտպանության մասին, ի՞նչ են մտածում այս ուղղությամբ: Արդյոք իրենք հաշվարկե՞լ են, որ եթե այդ 1700 երեխան, որոնք Մելիքբեկյանի «թեթեւ ձեռքով» առանց մարզական ընտանիքի կմնան, իրենց ընտանիքի անդամների հետ համաժամանակյա բողոքի ալիք բարձրացնեն եւ համապատասխան վերաբերմունք ցույց տան Փաշինյանի եւ իր թիմի նկատմամբ, ո՞վ է տուժելու այս դեպքում: Որքանո՞վ է այս ամենը բարեխիղճ, երբ կշեռքի մի նժարին Մելիքբեկյանն է՝ իր աթոռով, մյուսին՝ 1700 երեխա ու իրենց ճակատագրերը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ պարզելու՝ ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը, որ լուրջ արդյունքներ ցուցաբերած ֆուտբոլային ակումբը չփակվի, եւ արդյոք Փաշինյանը գոհ է Մելիքբեկյանի աշխատանքից: Ապա հիշեցնելով՝ հավելել ենք, որ ոչ հեռավոր անցյալում՝ դեռեւս 2018 թվականի ապրիլի 14-ին, Նիկոլ Փաշինյանը երբ ընդդիմադիր գործիչ էր, պոտենցիալ հեղափոխական, իր քայլերթի ժամանակ հասնելով ՀՖՖ շենքի մոտ, հայտարարեց. «Ռուբեն Հայրապետյա՛ն, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացի՛ր՝ քո խոստմանը համաձայն։ Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան Ռուբեն Հայրապետյանի ստեղծած ֆուտբոլի հավաքականը»։ Ընդգծենք, որ այդ ժամանակ հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանը 90-րդն էր, այժմ՝ 95-ն է, այսինքն՝ մեր հավաքականը 5 հորիզոնականով նահանջ է գրանցել հենց Մելիքբեկյանի պաշտոնավարման տարիներին։ Փաստացի ոլորտը ձախողած թեկնածուին ինչո՞ւ է կառավարությունը աջակցում: Այս հարցերին ի պատասխան՝ Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց, որ հարցը կառավարության տիրույթում չէ, եւ, որպես վարչապետի մամլո խոսնակ, նա չի մեկնաբանի այն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: