Այգեպատի համայնքապետը տունը շուկայից ցածր գնով վաճառել է. հարուցվել է հանրային քրեական հետապնդում
ԻՐԱՎՈՒՆՔՍ.Պ.-ն, 2005 թվականից մինչ օրս զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականին, շուկայականից էականորեն ցածր գնով, համայնքի հաշվեկշռում գտնվող կենցաղի տան շենքը վաճառել է իր աներոջը, որն էլ տարիներ անց, ձեւական առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով, գույքը վաճառել է իր դստերը՝ Ս.Պ.-ի կնոջը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Քրեական վարույթով պարզվել է, որ Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ն (լիազորությունները դադարեցված են) Համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռ.Մ.-ի հետ համատեղ, համայնքի ավագանու նիստի՝ 2012 թվականի հուլիսի 14-ի արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ է ներառեl այն մասին, որ ավագանու երկու անդամները կողմ են համայնքի կենցաղի տան կիսաքանդ շենքն օտարելուն (իրականում կենցաղի տունը 2008-2010 թվականների ընթացքում վերանորոգվել է):
Կեղծ արձանագրության հիման վրա՝ կենցաղի տան շենքն օրենքի խախտմամբ դրվել է աճուրդի. 7 մլն 210 հազար դրամ շուկայական արժեք ունեցող շենքի օտարման մեկնարկային գին է սահմանվել 2 մլն 570 հազար դրամը:
Կազմակերպված աճուրդ-վաճառքին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել Ս.Պ.-ի աները՝ Ռ.Խ.-ն: Աճուրդից առաջ տվյալ տարածքը 15 տարով վարձակալության է տրամադրված եղել ամսական 10 հազար դրամով: Վարձակալության գումարը վաճառքից հետո վճարվել է համայնքի ղեկավարին:
Ռ.Խ.-ն վերոնշյալ գույքը 2018 թվականի մարտի 13-ին ձեւական առուվաճառքի պայմանագրով՝ 3 մլն դրամով, օտարել է իր դստերը՝ Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ի կնոջը:
Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը), 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածով (հրապարակային սակարկությունների կարգը չարամտորեն խախտելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ փողերի լվացումը):
Պաշտոնեական կեղծիք կատարելուն եւ վստահված գույքի հափշտակությանն օժանդակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ ավագանու նախկին անդամների նկատմամբ, իսկ վստահված գույքի հափշտակության, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն եւ փողերի լվացմանն օժանդակելու համար՝ համայնքի ղեկավարի աներոջ՝ Ռ.Խ.-ի նկատմամբ:
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ Այգեպատ համայնքի կենցաղի տան վրա, արգելանք է կիրառվել»,- ասված է հաղորդագրությունում: