ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի արևմտյան իլյուզիաները. ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատրաստ չեն ստանձնել «խաղաղության պայմանագրի» երաշխավորի դերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը ցանկանում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ներդրված լինի երաշխավորի ինստիտուտ, սակայն հենց իրենք էլ ստիպված ընդունում են, որ Արևմուտքը, որի քավորությամբ Փաշինյանը և թիմակիցները ցանկանում են կնքել այդ պայմանագիրը, խանդավառված չէ Հարավային Կովկասում անվտանգության գարանտի դերը ստանձնելու մտքից: 

Եվ այդ իրողության մասին խոսում են նաև փաստերը: Դիցուք՝ ամիսներ առաջ հայկական ԶԼՄ-ը հարցում էին ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ փորձելով պարզել, թե ի՞նչ դիրքորուշում ունի Միացյալ նահանգներն այս հարցի վերաբերյալ և արդյոք պատրաստ է ստանձնել խաղաղության պայմանագրի երաշխավորի դերը։ Սակայն, դեսպանատնից կցկտուր պատասխան էին տվել՝ փաստացի խուսափելով ուղիղ արձագանքից և հայտարարելով, որ ԱՄՆ–ն շարունակում է ներգրավվել երկկողմ ձևաչափով, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների շրջանակում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին, որպեսզի այս երկրները հասնեն տևական, կայուն ու ամուր խաղաղության։  Այսինքն՝ ԱՄՆ-ն իրեն ցուցադրաբար հեռու  է պահում երաշխավորի դերից:

Բրյուսել կատարած վերջին այցից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս հայտարարել է, որ թեև այս հարցի վերաբերյալ բանակցություններ են ընթանում, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Եվ իրոք, այդ մասին է վկայում նաև այն, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ուղիղ չի պատասխանել հարցին՝ «խաղաղության պայմանագիրը» կունենա՞ հստակ երաշխավոր։ «Փաստացի միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, նայում է, թե ինչ է կատարվում աշխարհի այս հատվածում»,- ասել է նա՝ չտալով որևէ երաշխավորի անուն:

Մեկ այլ օրինակ: Երբ Գերմանիայի արտգործնախարար Բերբոքին Երեւանում հարցնում են, թե արդյո՞ք Բեռլինը պատժամիջոցի կենթարկի Ադրբեջանի նավթն ու գազը, նա տալիս է միանգամայն այլ պատասխան՝ ասելով, թե Եվրամիության համար կարեւոր է չեզոք դիտորդ լինելը: Սա նշանակում է, որ ԵՄ առանցքային անդամներից Գերմանիան ևս չի ցանկանում ստանձնել խաղաղության պայմանագրի երաշխավորի դերը, քանի որ այդ դեպքում չեզոք դիտորդի դերում մնալը բավական դժվար է լինելու:

Փաստացի, Արևմուտքն առաջարկում է ՀՀ իշխանություններին վերաֆոմատավորել երկրի անվտանգության համակարգը, զրոյի հասցնել այդ համակարգում ՌԴ դերը, կնքել խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որը ենթադրում է վերջնական և անվերապահ հրաժարում Արցախից, արևմտյան կառույցների վերահսկողության ներքո «Զանգեզուրի միջանցքի» բացում, այսպես կոչված՝ անկլավների  հանձնում Ադրբեջանին և մի շարք այլ՝ Հայաստանի համար կատաստրոֆիկ հետևանքներ ունեցող կետեր: Միևնույն ժամանակ, այդ նույն Արևմուտքը բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով փաստացի հայտարարում է, որ պատրաստ չէ զսպել Ադրբեջանին, որպեսզի վերջինս չխախտի խաղաղության պայմանագրի դրույթները և, ըստ էության, չունի նաև այդ զսպման համար անհրաժեշտ լծակներն ու ցանկությունը: Իզուր չէ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարում, որ ԵՄ-ն Բաքվին համարում է «հուսալի, վստահության արժանի գործընկեր»՝ ռուսական էներգակիրներից Եվրոպայի ունեցած կախումը նվազեցնելու գործում:

Ըստ էության, Հայաստանը բախվելու է այն նույն խնդրին, որին այսօր բախվել է Կիևը: Չէ որ արևմտյան գործընկերները նաև Կիևին էին գեղեցիկ խոստումներ շռայլում՝ անվտանգության երաշխավորի ինստիտուտ ներդնելուց մինչև ՆԱՏՕ-ին անդամակցություն: Այսօր, սակայն, արևմտյան գործիչները հայտարարում են, որ Ուկիարինան մինչ ռազմական գործողությունների ավարտը ՆԱՏՕ անդամ դառնալու որևէ շանսեր չունի: Իսկ ինչ վերաբերվում է Կիևի անվտանգության երաշխավորի հավակնորդներին, ապա Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Լեհաստանը, Թուրքիան և Մեծ Բրիտանիան, որոնց հետ Ուկրաինայի իշխանությունները մեծ հույսեր էին կապում, մինչ այս պահն անվտանգության գարանտ դառնալու որևէ համաձայնություն չեն տվել: Ավելին՝ ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը վերջերս հայտարարեց, որ Ուկրաինան չի կարող ստանալ անվտանգության այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք վերջերս Մեծ Բրիտանիան տրամադրեց Շվեդիային և Ֆինլանդիային: Դրանք երաշխիքներ են, որոնք գործելու են ընդհուպ մինչ այս երկրների ՆԱՏՕ լիարժեք անդամ դառնալը: 

Սա ևս մեկ օրինակ է, որը ՀՀ իշխանությունները պետք է ունենան իրենց աչքի առաջ՝ Արևմուտքի ամորֆ անվտանգության երաշխիքների հետ հույսեր կապելուց և Հայաստանի անվտանգային համակարգը ցնցումների ենթարկելուց առաջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular