«Ադրբեջանը հայտարարել է, որ սահմանային խնդիրները չպետք է խանգարեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԿանադական saltwire.com հրատարակությունը գրում է, որ Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում իր հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղության պայմանագրի կնքման համար և կարծում է, որ սահմանի հարցը կարող է լուծվել առանձին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զորքերը կայծակնային գրոհ ձեռնարկեցին և վերահսկողության տակ վերցրին Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը, որտեղ բնակվում էին հայեր: Հետո Ալիևը հայտարարեց, որ իր «երկաթե բռունցքը» վերականգնեց երկրի ինքնիշխանությունը։
«35-ամյա հակամարտությունն ավարտվել է,- Լոնդոնում լրագրողներին ասել է Ալիևի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևը,- Ադրբեջանի ռազմավարությունն այժմ խաղաղություն նվաճելն է, և դա պահանջում է գործողություններ երկու կողմերից: Խաղաղության պայմանագիրը հրթիռաշինություն չէ, Ադրբեջանի համար խաղաղության օրակարգի համար այլևս խոչընդոտներ չկան»:
Հարավային Կովկասի հարևանները վերջին 30 տարիների ընթացքում երկու պատերազմ են մղել Լեռնային Ղարաբաղի համար, սակայն այս ամիս նրանք փոխանակել են գերիներ և համատեղ հայտարարություն տարածել ասելով, որ ցանկանում են կարգավորել հարաբերությունները և հասնել խաղաղության համաձայնագրի:
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Ռուսաստանը տասնամյակներ շարունակ փորձել են միջնորդ լինել երկու կողմերի միջև, սակայն Հաջիևը ընդգծել է երկկողմանի ուղիղ բանակցությունների կարևորությունը, որոնք, ըստ նրա, կշարունակվեն հաջորդ տարի: Նշենք, որ Ղարաբաղը վերադարձնելուց ի վեր Ադրբեջանը գնալով ավելի թշնամական է վերաբերվում համաձայնագրի միջնորդության արտաքին միջամտության նկատմամբ: Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին Հայաստանի կողմը պահելու համար, իսկ Հաջիևը բանակցությունների հարցում ԱՄՆ մոտեցումը միակողմանի է անվանել։
Երկու հարևանների միջև չլուծված խնդիրներից մեկը ընդհանուր սահմանի վերաբերյալ համաձայնության բացակայությունն է, քանի որ յուրաքանչյուրն ունի փոքր անկլավներ, որոնք շրջապատված են մյուսի տարածքով: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ ամիս ասել էր, որ դա բանակցությունների հարց է։ Հաջիևի խոսքով Բաքուն պատրաստ է քննարկել այդ հարցը, սակայն «սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումից»։
Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերի մեծ մասը փախել է Հայաստան այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնել է այդ տարածքի վերահսկողությունը: Հայաստանը դա անվանել է էթնիկ զտում, Բաքուն հերքում է դա և հայտարարում, որ հայերը կարող են մնալ և ինտեգրվել Ադրբեջանին։ Անցյալ ամիս Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է թույլ տալ էթնիկ հայերին վերադառնալ և ապահովել նրանց անվտանգությունը: Հաջիևի խոսքով մարդկանց վերադարձի իրավունքը պետք է որոշվի յուրաքանչյուր դեպքի համար, և նրանք պետք է դառնան Ադրբեջանի քաղաքացիներ։ «Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո վերադարձի իրավունքը կարող է ապահովվել,- ասել է նա,- մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ իրավական անորոշության կարգավիճակ»: Նրա խոսքով պետք է փոխադարձ իրավունքներ լինեն նաև այն ադրբեջանցիների համար, ովքեր 1988 թվականից ստիպված են եղել լքել Հայաստանը կամ Հայաստանի կողմից վերահսկվող տարածքները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը