59-ամյա բնակիչը ՎԱԶ-2106 է փախցրել․ մանրամասներ
ԻՐԱՎՈՒՆՔԴեկտեմբերի 19-ին Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ գողացել են Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղու հասցեներից մեկում կայանված «ՎԱԶ-2106»-ը։ Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել նշված հասցե։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ պարզել են, որ դեկտեմբերի 18-ի կեսօրին մոտ Լեռնարոտ գյուղի 59-ամյա մի բնակիչ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է մեքենան և թաքցրել Արուճ գյուղում։
Դեկտեմբերի 19-ին լեռնարոտցի տղամարդը Բազմաբերդի վարչական տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Հետագա միջոցառումներով Արուճ գյուղում հայտնաբերվել ու ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «ՎԱԶ-2106»-ը։
59-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։