ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Հայաստանին` հակառուսական սանկցիաներին միանալու դեպքում. Եվրոպայի տխուր դասերը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունների ֆոնին ՌԴ դեմ արևմուտքի կիրառած սանկցիաների և տնտեսական առճակատման վերջին մեկ տարին, ըստ ԱՄՀ գնահատականի, ավարտվել է ՌԴ օգտին: Ինչ վերաբերում է արևմտյան և հատկապես եվրոպական տնտեսությանը, ապա այն սպասվածից շատ տուժեց իր իսկ կողմից կիրառված սանկցիաներից: Ճապոնական խոշոր վերլուծական կենտրոններից մեկը նշել էր, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանն ավելի շատ եկամուտ է ստանում էներգակիրների արտահանումից, քան մինչ դրանց ներդրումը։ Նախկինում արևմտյան շուկա արտահանվող էներգակիրների երկու երրորդը այժմ ուղղվում է դեպի Ասիա և Մերձավոր Արևելք:

Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, ապա ըստ Bloomberg-ի, հավանականությունը, որ առաջիկա 12 ամսում եվրոգոտու տնտեսությունը պատմական անկում կգրանցի, այժմ մոտենում է 50 %-ին (հիմա կազմում է 45 %): Մինչև ուկրաինական ճգնաժամը այդ հնարավորությունը կազմում էր 20 %, իսկ ամռանը անցկացված հետազոտության ժամանակ՝ 30 %։ Այն բանից հետո, ինչ Եվրոպան հրաժարվեց ՌԴ-ից ներկրվող էժան վառելիքից և Բելառուսից ներկրվող մատչելի կալիումից, եվրոպայում պարարտանյութի արտադրությունը պարզապես կանգ է առել, քանի որ նման արտադրությունը անշահավետ է դարձել գազի գնի պատճառով (ազոտական պարարտանյութերի ինքնարժեքի 75 %-ը կազմում է գազի ինքնարժեքը):

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի որդեգրած սանկցիաների քաղաքականության զոհ է դարձել ավելի քան 50 արտադրություն, իսկ սա իր հերթին նշանակում է, որ արդեն 2024-ին եվրոպացիները խնդիրներ են ունենալու նաև բերք աճեցնելու հետ: Եվրոպայում ստեղծված այս իրավիճակն անգամ անվանում է ստացել՝ Եվրոպայի արդյունաբերական դեինդուստրիացիա։ Ուշագրավն այն է, որ այսքանից հետո սեփական սխալներից տուժող Արևմուտքը չի զլանում խորհուրդներ շռայլել Հայաստանին, որոնցից մեկն էլ վերաբերում է հակառուսական սանկցիաներին միանալուն: Հասկանալի է, որ Արևմուտքն այս դեպքում հետապնդում է իր շահերը, իսկ որ Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական կոլապսի առջև, արևմտյան գործընկերներին այնքան էլ չի հետաքրքրում:

Ի դեպ, հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2024-ին ևս Հայաստանը ՌԴ-ից կշարունակի գազ գնել արտոնյալ գներով: Այս պահին ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիային գազը վաճառում է մոտավորապես 250 դոլարով, Իրանը Թուրքիային գազ է վաճառում 400 դոլարով, և եթե Հայաստանի իշխանությունները հույս ունեն ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով կամ իրանականով, ապա պետք է պատրաստ լինեն դրա համար վճարել եռակի կամ քառակի ավելի:

Եթե Հայաստանը դադարի ՌԴ-ից գազ գնել արտոնյալ պայմաններով, ապա դա ուղղակիորեն հարվածելու է բոլոր ոլորտներին՝ տրանսպորտային միջոցներին, գյուղատնտեսությանը, արտադրությանը, էլեկտրաէներգիայի գներին, որովհետև Հայաստանում էլեկտրաէներգիայի 30-35 տոկոսն արտադրում են ջերմակայանները, որոնք աշխատում են Ռուսաստանից եկող գազով։ Այսինքն, գնի բարձրացումը կատաստրոֆիկ կերպով տարածվելու է ամբողջ Հայաստանի տնտեսության վրա, ինչն էլ կհանգեցնի բոլոր ապրանքների թանկացմանը: Տնտեսագետները համակարծիք են, որ ԵՏՄ-ից հրաժարվելու դեպքում Հայաստանը միայն գազամատակարարման համար տարեկան 360 մլն դոլար է ծախսելու, ինչը մեր երկրի համար հսկայական բեռ է լինելու: Հետևաբար, պատահական չեն տնտեսագետների ու այլ փորձագետների զգուշացումները, որ ուրիշի՝ տվյալ դեպքում Արևմուտքի սխալներից դաս քաղելով՝ պետք է զգոն լինենք եւ ամրապնդենք մեր էներգահամակարգի անվտանգության դիրքերը՝ առանց այն էլ մեր երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներին ևս մեկը չավելացնելու նպատակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular