Կարևորագույն առևտրային ուղիները՝ աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Գաղտնիք չէ, որ այսօր առանձնակի կարևորություն է ստացել այլընտրանքային հաղորդակցության ուղիների գործարկման հարցը՝ հնարավոր անկայունության պարագայում շրջանցող միջանցքների և ճանապարհների ապահովման տեսանկյունից։ Օրինակ՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների մեկնարկին զուգահեռ ակտիվացել են Եմենի հութիները, որոնք շիա են և Իրանի ազդեցությունն են կրում։ Եվ չնայած այն հանգամանքին, որ հութիները աշխարհագրորեն հեռու են Գազայի հակամարտության գոտուց, սակայն Իսրայելի դեմ պատերազմ են հայտարարել։ Հութիները նշում են, որ Իսրայել ուղևորվող նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ ալ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունը չդադարեցվի։
Ըստ այդմ, հութիներն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով առևտրային նավերի վրա հարձակումներ են իրականացնում։ Եվ ավելի քան 20 երկիր համաձայնել է միանալ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային՝ պաշտպանելու Կարմիր ծովում նավագնացությունը։ Իսկ հութիների ղեկավարությունը սպառնացել է Կարմիր ծովում հարձակվել այն երկրների նավերի վրա, որոնք միջազգային կոալիցիայի կազմում կմիանան այս տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու ԱՄՆ գործողությանը։ Խնդիրն այն է, որ Կարմիր ծովով ու Սուեզի ջրանցքով է անցնում համաշխարհային առևտրի 10-15 տոկոսը, և եթե խաթարվի նավագնացությունն այս հատվածում, ապա նշված առևտրային ուղուց կախվածության մեջ գտնվող երկրների տնտեսությունը էապես կտուժի։ Ու արդեն իսկ բազմաթիվ փոխադրող ընկերություններ, հաշվի առնելով Կարմիր ծովով անցնող առևտրի ռիսկայնությունը, նախընտրում են Աֆրիկան շրջանցելու միջոցով դուրս գալ Ատլանտյան օվկիանոս ու հասնել Եվրոպա։
Իսկ առավել երկար առևտրային ճանապարհը նպաստում է ծախսերի ավելացմանը, ապրանքների գների բարձրացմանն ու պայմաններ ստեղծում ինֆլ յացիայի համար։ Ուստի այս պայմաններում առաջնահերթություն է ձեռք բերում առևտրի իրականացման համար այլ հաղորդակցության ուղիների գործարկման հարցը։ Երբ Արևմուտքը շահագրգռված չէ, որ առևտրային ճանապարհներն անցնեն Ռուսաստանով, որը պատժամիջոցների տակ է, ապա ակտուալություն է ստանում Ռուսաստանի տարածքը շրջանցող հաղորդակցության ուղու գործարկումը։ ԱՄՆ-ը չի ցանկանում նաև, որ կարևորագույն հաղորդակցության ուղիներն անցնեն պատժամիջոցների տակ գտնվող Իրանով։ Մյուս կողմից էլ՝ G20-ի երկրների հանդիպման ժամանակ Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա միջանցքի կամ նոր «համեմունքների երթուղու» մասին ձեռք բերված համաձայնությունը կորցրել է իր ակտուալությունը, քանի որ նախատեսվում էր, որ այն անցնելու է Իսրայելով, իսկ այդ երկիրը պատերազմի մեջ է գտնվում, ու արաբական երկրներում էլ աճում են հակաիսրայելական տրամադրությունները։
Հենց այս իրավիճակի պայմաններում է, որ առանձնակի կարևորություն է ձեռք բերում «Միջին միջանցքի» գաղափարը, որը Չինաստանը Միջին Ասիայի, ապա Թուրքիայի միջոցով կապելու է Եվրոպային ու շրջանցելու է Ռուսաստանի և Իրանի տարածքը։ Բայց Արևմուտքը ցանկանում է, որ նման հաղորդակցության ուղին գործի իր պայմաններով։ Այսինքն՝ Ռուսաստանը դուրս գա Հարավային Կովկասից ու որևէ ներազդեցություն չունենա այդ ճանապարհի վրա։ Արևմուտքը դեմ է նաև, որ Թուրքիան լիակատար վերահսկողություն ունենա այդ ճանապարհի վրա ու իրականություն դարձնի իր պանթուրքական ծրագրերը։ Եվ եթե Թուրքիան հնարավորություն ստանա վերահսկել Չինաստանը Եվրոպային կապող ճանապարհը ու կյանքի կոչել պանթուրքական ծրագրերի իրականացումը, ապա այդ դեպքում Անկարան լիովին դուրս կգա արևմտյան ուղեծրից՝ չնայած որ ներկայիս պայմաններում ևս սեփական խաղն է առաջ տանում։
Հենց դրանով է պայմանավորված, որ Արևմուտքից, մասնավորապես Վաշինգտոնից ու Փարիզից, պարբերաբար հայտարարում են, թե իրենք աջակցում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու ճնշում են գործադրում, որ Ադրբեջանը չհարձակվի Սյունիքի վրա ու չբացի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Իսկ Ռուսաստանը և Իրանը շահագրգռված են, որ Հարավային Կովկասով անցնող հաղորդակցության ուղիների վրա կոնկրետ ներազդեցություն ունենան։ Նրանց շահերը հեռանկարային առումով հակասում են Թուրքիայի ու Արևմուտքի հավակնություններին։ Պատահական չէ, որ պաշտոնական Թեհրանը ոչ միայն դեմ է հանդես գալիս տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությանն, այլև հայտարարում է, որ դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը մեր տարածաշրջանում՝ նկատի ունենալով Արևմուտքին։ Իր ազդեցության գոտին ընդլայնող Պեկինը ևս շահագրգռված է «Միջին միջանցքի» հաղորդակցության ուղու ճանապարհի գործարկմամբ։
Քանի որ չինական առևտուրը շատ է կախված Հարավչինական ծովից, որը ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի պարագայում ամերիկյան ռազմածովային ուժերը դաշնակիցների հետ միասին կարող են փորձել բլոկադայի ենթարկել, ուստի Պեկինը շահագրգռված է, որ ունենա զարգացած առևտրային մի քանի ցամաքային ուղի, որի միջոցով չինական ապրանքները կարող են հասնել Եվրոպա։ Բայց Չինաստանին նույնպես ձեռնտու չէ Թուրքիայի շատ հզորացումը, քանի որ Անկարան իր ազդեցությունը կարող է տարածել մինչև Միջին Ասիա ու դրանից հետո ավելի ակտիվ միջամտել Չինաստանի ներքին գործերին՝ մասնավորապես թյուրքախոս ույղուրների մասով, որոնք սեպարատիստական ձգտումներ են ցուցաբերում։
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում