ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետական մոտեցում է պետք, որ կարողանանք սայլը տեղից շարժել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյուղատնտեսության ոլորտում բացթողումների և հետընթացի մասին խոսում են տարբեր ոլորտների մասնագետներ, ահազանգում վտանգների մասին: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, ամփոփելով անցնող տարին, ասում է՝ այն, ինչ գյուղացին պետք է ստանար, չի ստանում:

«Ցավոք, պետությունը ֆինանսավորում է միջնորդներին, որոնք մեր երկիր սերմ ու պարարտանյութ են ներկրում: Պետությունը չկարողացավ մի ծրագրի հիմք ստեղծել, որով նա հովանավորեր տարաբնույթ ծրագրերը: Հիմա, օրինակ՝ մեր միավորումն է փորձում սեփական միջոցներով ինչ-որ հարցեր լուծել, Իրանի հետ պայմանագրեր ենք կնքել, ամեն ինչ պետք է անենք, որ ներկրվող պարարտանյութը, թունաքիմիկատները, գյուղտեխնիկան ինքնարժեքով հասնեն Հայաստան: Ավելորդ «բերաններ» չպետք է լինեն: Այս դեպքում գյուղացու համար մի քանի անգամ ավելի մատչելի կլինի, ասենք, պարարտանյութը: Գյուղտեխնիկան թարմացնելու կարիք ունենք, հիմնականում գյուղտեխնիկան 30-40 տարվա հնության է: Բավականին մեծ աշխատանք ենք անում, մենք մեր գործն արդեն երեկ ենք սկսել: Իսկ պետությո՞ւնը: Պետությունը ոլորտը մի քանիսի հույսին է թողել, ի հայտ են եկել «նորածին» գործարարներ, փորձում են ինչ-որ բաներ անել՝ ինտենսիվ այգիներ ու խելացի անասնագոմեր են ստեղծում, բայց դրանով հիմնական խնդիրները լուծվելո՞ւ են: Պետությունն ու պաշտոնյաները կարծես շահագրգռված չլինեն ոլորտում ինչ-որ կարևոր քայլեր անելու ուղղությամբ: Կշարունակեն ուղղակի պարգևավճարներ ստանալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Ընդգծում է՝ անասնապահության վիճակը մտահոգիչ է: «Բրուցել յոզ ունենք, խոզի ժանտախտն է գլուխ բարձրացնում: Սա նրա հետևանքն է, որ տարիներով ոչինչ չի արվել: Տարբեր ծրագրեր են նախաձեռնում, կան և՛ լավերը, և՛ վատերը: Բայց այստեղ կարևոր է, թե, օրինակ՝ ծրագրերն ու սուբսիդիաները որ ուղղություններին են տրամադրվում: Հիմնականում տրվում են գյուղոլորտի այն ճյուղերին, որոնք միտված չեն ոլորտի առողջացմանն ու զարգացմանը: Ինչ-որ լոկալ ծրագրեր են, որոնք արդյունավետ չեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Մյուս կողմից էլ դիտարկում է ներկայացնում՝ մարդիկ ցորենը ցանեցին, բերքը հավաքեցին, այն մնաց պահեստներում: Բերբերյանի խոսքով, գյուղացին կա՛մ ստիպված է այն կոպեկներով վաճառել, կա՛մ էլ ուղղակի պահել պահեստում: «Արդյոք էկոնոմիկայի նախարարը մտահոգվո՞ւմ է այն մասին, որ արտադրված ցորենը գյուղացին չի կարողացել վաճառել: Այստեղ ուղղակի մեծ-մեծ խոսելով հարցեր չես կարող լուծել: Եթե մի բնագավառ ղեկավարում է էկոնոմիկայի նախարարությունը, այդտեղ վիճակը շատ վատ է լինելու: Տարիների ընթացքում էլ ավելի ենք զգում գյուղնախարարության փակման սխալ որոշման հետևանքները, ամեն ինչ տարեցտարի ավելի է վատանում: Մարդիկ ուղղակի չեն ուզում զբաղվել գյուղատնտեսությամբ, իրենց համար անհետաքրքիր բնագավառ է»: Որակյալ ու մատչելի պարարտանյութ, գյուղտեխնիկայի թարմացում, որակյալ սերմերի ներկրում:

«Այս հարցերը պետք է լուծել, որ բնագավառը շահութաբեր դառնա: Ասում ենք՝ ցեցի հարցը լուծեք, որ տոմատի մածուկ արտադրենք: Չեն լուծում, կոպեկներ են դուրս գրել ցեցի դեմ պայքարի համար, բայց դրանով հարց չի լուծվի: Կամ՝ բազմիցս ասացինք, որ հրապարակեն այն անհատների կամ կազմակերպությունների ցուցակը, որոնք ստացել են անտոկոս վարկեր: Եկեք այդտեղից սկսենք, ինչո՞ւ այդ ցուցակը չի հրապարակվում»:

Բերբերյանն ասում է՝ չնայած իրենց միավորումը սկսել է ինչ-որ կարևոր քայլեր անել ոլորտում փոփոխություններ անելու, գյուղացու հոգսը թեթևացնելու համար, սակայն չի կարող ողջ հանրապետությանն օգտակար լինել իր այս ծրագրով: «Պետական մոտեցում է պետք, որ կարողանանք սայլը տեղից շարժել: Ոչ թե պետք է ամեն հարցով, ասենք, գնալ վարչապետի մոտ, այլ բնագավառն ունենա ղեկավար, նա պայմանագրեր կնքի, կառավարի ոլորտը, հետևի, որ տրամադրված ֆինանսները ճիշտ ծախսվեն: «Խելացի գոմով» լուծո՞ւմ եք անասնապահության հարցը, իհարկե՝ ոչ: Մասնավոր, հատվածային լուծումներ են: Այնպիսի ծրագրեր պետք է մշակենք, որ բոլոր գյուղացիները կարողանան օգտվել: Հող մշակող, անասնագլխաքանակ ավելացնող գյուղացու կողքին պետք է կանգնի պետությունը: Ոչխարի մսի հսկայական շուկա ունենք, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, ոչինչ: Խոսում են կովերի արհեստական սերմնավորման մասին: Ծրագիրը բավականին բանիմաց մարդ է գրել, բայց պատկերացնո՞ւմ են, գնահատե՞լ են, թե ինչ արդյունքներ ենք ունենալու որոշ ժամանակ հետո: Սերմնավորումն այնքան մատչելի պետք է լինի, որ գյուղացին դիմի անասնաբուժական կենտրոններին: Այս ծրագրի դեպքում էլ երևի որոշ ժամանակ հետո կասեն՝ գործ արեցինք, բայց ձախողվեց»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular